Thursday, May 17, 2012

Այսօր Համբարձման տոնն է, որը հայտնի է նաև «Վիճակ» կամ «Ջանգյուլում» անվանումներով

Tert.am. 17-.5-2012- Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Համբարձման տոնը, որը ժողովրդին հայտնի է նաև «Վիճակ» կամ «Ջանգյուլում» անվանումներով: Համբարձման տոնը մեր եկեղեցու շարժական տոներից է և նշվում է Հարության (Զատիկ) 40-րդ օրը: «Համբարձում» նշանակում է բարձրացում: Համբարձումը հարուցյալ Հիսուսի մարմնով երկինք բարձրանալու և Հոր աջ կողմում նստելու հիշատակն է, որը եզրափակումն է Քրիստոսի երկրային առաքելության: Համբարձման տոնի հետ կապված հայերն ունեցել են շատ գեղեցիկ սովորություններ: Ըստ ժողովրդական ավանդազրույցի, այս օրը նաև սիրահարվածների տոն է և կախարդական զորություններով օժտված գիշեր: Տարվա մեջ միակ գիշերն է, երբ Լեյլի և Մեճնուն սիրահար աստղերը երկնքում հանդիպում են իրար և ջերմ գրկախառնվում: Համբյուրի պահին ամբողջ տիեզերքը մեկ ակնթարթ կանգ է առնում, իսկ մարդիկ մեկ վայրկյանում հայտնում են իրենց իղձերը, որոնք անպայման կատարվում են: Այդ ողջագուրումից հետո բույսերն իրար պատմում են, թե իրենցից յուրաքանչյուրն ինչ դեղ -դարման կարող է լինել, և կանայք վաղ առավոտյան գնում են դաշտեր դեղաբույսեր հավաքելու: Տոնին վաղ առավոտյան սկսվում էր հիմնական ծեսի` վիճակի նախապատրաստությունը, որի պատճառով էլ հաճախ տոնը կոչվում էր Վիճակ։ Աղջիկների նախապես ընտրված խմբերը` յոթական հոգի, դուրս էին գալիս ծաղիկ հավաքելու: Նրանք ծաղիկներից բացի, փարչի մեջ հավաքում էին յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթ տեսակ ծաղկից յոթ տերև, յոթ տեսակ ծաղիկ, հոսող առվից յոթ տեսակ քար: Ամբողջ ընթացքում նրանք պիտի լուռ մնային: Ծաղիկները հավաքելուց հետո միայն աղջիկներն սկսում էին խոսել միմյանց հետ, երգել և ծաղկեպսակներ սարքելու ողջ ընթացքում ամենուր հնչում էր նրանց երգը: Հետո սկսվում է վիճակահանությունը. ում պատկանում է առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը, և այդ իրերի տերերին խրատներ և բարեմաղթանքներ են տրվում: Պատրաստվում էին հարյուրավոր ծաղկեփնջեր: Վերջում պատրաստում էին ամենամեծ ծաղկեփունջը` Ծաղկամայրը, որը դրվում էր պուլիկի մեջ: Ծաղկամայրն, ըստ ավանդության, քրիստոնյա Վարվառե կույսն է, որը փախչելով կռապաշտ հորից՝ ապաստանում է Աշտարակի մոտ գտնվող Արայի լեռան քարանձավում: Հայրը հետապնդում է աղջկան, գտնում, ուր նա ապաստանել էր և սպանում դստերը: Նահատակվելուց առաջ Վարվառեն խնդրում է Աստծուց, որ ծաղիկ և կարմրուկ հիվանդություններ ունեցող մանուկները բժշկվեն իր անունով: Աստված կատարում է նրա խնդրանքը, և Վարվառեի բարեխոսությունը խնդրող ծնողների զավակներն ազատվում են այդ հիվանդություններից: Այդ քարանձավը դարձել է ուխտատեղի: Քարանձավի պատերից մշտապես ջուր է հոսում, որն ունի բուժիչ հատկություն: Ժողովուրդն հավատացած է, որ այդ ջուրը Վարվառե կույսի արցունքներն են: Այս գեղեցիկ սովորությունը այժմ շատ քիչ գյուղերում է պահպանվել:

No comments: