Monday, May 19, 2008

ԸՍՏ ՀԴԿ ՆԱԽԱԳԱՀԻ, ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՀԱՆՐԱՔՎԵ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԸ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է

Այս տարի նշվում է արցախյան ազգային ազատագրական պայքարի 20 ամյակը, ուստի եւ անհրաժեշտ է իմաստավորել անցած ուղին: Հայտարարելով այս մասին մայիսի 7-ի ասուլիսում, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նշեց, որ ժամանակն է, որպեսզի հայկական կողմը ԼՂՀ-ի հակամարտության կարգավորման հարցում դիմի կտրուկ քայլերի եւ ներկայացնի այն սկզբունքները, որոնք ընդունելի են Հայաստանի եւ ԼՂՀ-ի համար:Ըստ նրա, առաջին հերթին Հայաստանը պարտավոր է ճանաչել ԼՂՀ-ի օրինական անկախացման գործընթացը Ադրբեջանից: Իսկ այն սկզբունքները, որոնք ներկայումս քննարկվում են խնդրի կարգավորման բանակցությունների շրջանակում, ՀԴԿ-ի նախագահի գնահատմամբ, հայկական կողմի համար շահեկան չեն: Նրա խոսքերով, մասնավորապես, անընդունելի է ԼՂՀ-ում հանրաքվե անցկացնելու վերաբերյալ առաջարկը: «Դրանով մենք զրոյացնում ենք այն ամբողջ ուղին, որը անցել է Արցախը 1988-1991թթ.-ներին, երբ հռչակվել է ԼՂ հանրապետությունը: Այսինքն, մենք ընդունում ենք, որ դրանք իրավական միջազգային նորմերին ոչ համապատասխան գործողություններ են եղել»,- ասաց Ա.Սարգսյանը` հավելելով, որ այդ գործողությունները համապատասխանում են միջազգային իրավունքի նորմերին: Իսկ Ադրբեջանը, ըստ նրա, այդ պարագայում կպահանջի, որպեսզի Ղարաբաղ վերադառնան այն ադրբեջանցիները, որոնք բնակվել են այդտեղ մինչեւ 1988թ.-ը: «Վերջիններիս հետ կվերադառնան նաեւ նրանց սերունդները: Պատկերացնու՞մ եք դրանց քանակը ինչքան կլինի»,- ասաց Ա.Սարգսյանը:

No comments: