Wednesday, August 6, 2008

ՀԱՅԱՏՅԱՑՈՒԹՅԱՄԲ ՏԱՌԱՊՈՒՄ Է ՆԱԵՎ ԿՈՎԿԱՍԻ ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԸ

Ըստ Արմենպրեսի, Կովկասի մահմեդականների հոգեւոր վարչության առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն խիստ «մեղադրանքներ» եւ վիրավորանքներ է ուղղել հայերի հասցեին: Ըստ «Ազերիպրեսի», Լոս Անջելեսի կրոնական հանդուրժողականության կենտրոնի ղեկավար, ռաբբի Աբրահամ Կուպերի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ «սուտն ու դավաճանությունը հայերի արյան մեջ են»: Նա ասել է, որ հայերը ցանկանում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը «վերածել կրոնական դիմակայության»: «Սակայն Ադրբեջանն ապացուցել է, որ այդ հակամարտությունը քաղաքական բնույթ է կրում», նշել է նա: Փաշազադեն ընդգծել է, որ ադրբեջանական կողմը ցանկանում է ԼՂ խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, սակայն «տվյալ հարցում չի հանդիպում հակառակ կողմի անկեղծությանը»: «Մենք անում ենք ամեն հնարավորը` հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար: Այդ նպատակով հանդիպումներ ենք անցկացնում: Սակայն չենք տեսնում այդ հանդիպումների արդյունքը: Քանի որ սուտն ու դավաճանությունը հայերի արյան մեջ են: Նրանք նստել են մեր սեղանի շուրջը, կերել մեր հացը, իսկ փողոց դուրս գալուց հետո խոսել մեր դեմ», հայտարարել է իրեն հոգեւորական համարող Փաշազադեն:

No comments: