Wednesday, August 6, 2008

Նա փրկել է Հայոց եղեռնի մանուկ զոհերին

Գիտա Էլիբեկյան «Ռադիոլուր» 20-րդ դարասկզբին նորվեգուհի Բոդիլ Բյորնը «Կին միսիոներներ» կազմակերպության կողմից գործուղվում է Թուրքիա: Սկզբնական շրջանում նա մարդասիրական գործունեություն էր իրականացնում Խարբերդի նահանգում, այնուհետեւ մեկնում է Մուշ: Այստեղ է, որ տեսնում է, թե ինչպես են կոտորվում հայ հոգեւորականններն ու ուսուցիչները: Բոդիլը խնամում ու մահից փրկում է հարյուրավոր անօթեւան երեխաների: Սպանդից փրկված Ռաֆայելին նա որդեգրում է` տալով մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի անունը: Ֆրիտյոֆ-Ռաֆայելի որդին` Ջուսի Բյորնը, ուսումնասիրել է ցեղասպանության մասին մեծ մոր ունեցած նյութերը, եղել նաեւ Արեւմտյան Հայստանում: «Տատիկս նկարագրություններ ունի, թե ինչպես սկսվեց եղեռնը Արեւմտյան Հայաստանում. «Թնդացին հրանոթները, ավերվեցին հայկական տները, տանջամահ արվեցին հայ տղամարդիկ»,- պատմում է Ջուսին: Նա 93 տարի առաջ Մուշում տատի կողմից արված լուսանկարներով վերջերս եղել է Թուրքիայում: «Այնտեղ մարդիկ գտնվեցին, ովքեր հիշեցին տատիս` ասելով որ նա շատ երեխաների է օգնել: Վերջիններս տատիս մայրիկ են կոչել»,- ասում է Ջուսի Բյորնը, ով այսօր Հայասատան է բերել իր «Նրանք ինձ կոչում էին մայրիկ» ֆիլմը: Բյորնը ոչ միայն վկան ու ականատեսն է Հայոց Մեծ Եղեռնի, այլեւ` արձանագրողն ու լուսանկարողը: «Սա բացառիկ դեպք է հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրության առումով: Եւ այս կնոջը մենք պետք է պարտական լինենք»,- ասում է Ցեղասպանության թանգարան- ինստիտուտ տնօրեն Հայկ Դեմոյանը: «Մեր հաջորդ քայլը Բյորնին խոսեցնելը պիտի լինի, որովհետեւ բոլոր ձեռագրերը նորվեգերեն լեզվով են: Եւ մենք դեռ ամբողջովին չգիտենք, թե ինչ է տեսել ու արձանագրել մեծ հայասերը», ասում է թանգարանի տնօրենը: Հայերս երախտապարտ ենք ու պիտի գնահատենք օտարների հայասիրությունը, ասում է սփյուռքահայ երգահան Հակոբ Ջամբազյանը, ով Ծիծեռնակաբերդ էր բարձրացել մասնակցելու Բոդիլ Բյորնի գերեզմանից բերված հողը Հուշահամալիր Հուշապատի մեջ ամփոփելու արարողությանը եւ դիտելու Ջուսի Բյորնի մեծ մոր մասին նկարահանած ֆիլմը: Ջամբազյանը Բոդիլ Բյորնի մասին առաջին անգամ լսել է Լիբանանի հայկական դպրոցում, որտեղ դասավանդել է: Ի դեպ՝ Բոդիլ Բյորնը Եղեռնից հետո հայ որբերին խնամել է նաեւ Լիբանանի որբանոցներում: «Տպավորիչ ու հուզիչ է այս պատմությունը. այս տիկինը որբանոցներ էր բացել թուրքերի աչքի առջեւ ու խնամում էր հայ փոքրիկներին, ովքեր իրեն մեծացնողին էլ անվանում էին մայրիկ»,- պատմում է Հ. Ջամբազյանը:

No comments: