Sunday, September 28, 2008

Հոգեհանգիստ Մեծ Եղեռնի զոհերի հոգիների հանգստության համար

Սեպտեմբերի 27-ին, Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ Մեծ Եղեռնի զոհերի հոգիների հանգստության համար: Մինչ արարողությունը ծաղկեպսակ դրվեց հուշահամալիրում: Հոգեհանգստի ընթացքում հայոց նահատակների հոգիների խաղաղության համար իրենց մայրենի լեզուներով առ Աստված աղոթեցին նաև Մյուռոնօրհնության տոնակատարությունների առիթով Մայր Աթոռ ժամանած քրիստոնեական քույր Եկեղեցիների ներկայացուցիչները: Հոգեհանգստին մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու նվիրապետական Աթոռների ներկայացուցիչները, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, ազգային բարերարներ և բազմաթիվ ուխտավոր հայորդիներ: Հայոց Հայրապետին քույր եկեղեցիներից ընկերակցում էին Օրենբուրգի և Բուզուրսկի Վալենտին միտրոպոլիտը` Ռուս Ուղղափառ Եկեղեցուց, Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցու պատվիրակությունը` գլխավորությամբ Արևելյան Եկեղեցիների Քահանայապետական Կոնգրեգացիայի պրեֆեկտ կարդինալ Լեոնարդո Սանդրիի, Բենիամին եպիսկոպոս Մենուֆեն` Ղպտի Ուղղափառ Եկեղեցուց, Եվստաթիոս Մաթա Ռոհամ միտրոպոլիտը` Ասորի Ուղղափառ Եկեղեցուց, Հնդիկ Մալանկարա Եկեղեցու պատվիրակությունը` գլխավորությամբ Թոմաս Աթանասիուս միտրոպոլիտի, Անգլիկան Եկեղեցուց Ջեոֆրի եպիսկոպոս Ռաուելը, ինպես նաև ներկայացուցիչներ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդից, ՙԿրոններն աշխարհում խաղաղության համար՚ կազմակերպությունից, Զմառի Կաթոլիկ Հայոց Պատրիարքությունից և Մխիթարյան միաբանությունից: Վերջում միջեկեղեցական պատվիրակություններն այցելեցին նաև Ցեղասպանության թանգարան:

No comments: