Wednesday, January 28, 2009

Սերժ Սարգսյան. «Մեզ համար Հայոց բանակն ազգային հպարտություն է»

Երեւան (Երկիր) -27-1-2009- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայկական բանակի օրվա կապակցությամբ ուղերձ է հղել հայ ժողովրդին: Ուղերձի ամբողջական տեքստը բերվում է ստորեւ:Սիրելի' հայրենակիցներ Շնորհավորում եմ Ձեզ Բանակի օրվա կապակցությամբ:Այսօր մենք նշում ենք մեր անկախության ամենամեծ ձեռքբերումներից մեկի` Հայկական բանակի տոնը: Տասնյոթ տարի առաջ, երբ հարցականի տակ էր մեր անկախությունը, բանակի ստեղծումը դարձավ օրվա ամենաանհետաձգելի հրամայականը: Հայկական բանակը ձեւավորվեց ու թրծվեց պատերազմի բովում` գոյության առաջին իսկ օրերից դրսեւորելով իր լավագույն որակները` անմնացորդ նվիրումը հայրենիքին, անկոտրում մարտական կամքն ու հաղթանակի ոգին: Այդ ամենի շնորհիվ կարողացանք հաղթել անհավասար գոյամարտում ու ամրագրել մեր իսկ արժեքներով ապրելու ազատությունը: Մեզ համար Հայոց բանակն ազգային հպարտություն է, իսկ հակառակորդների համար՝ զսպվածության ու զգոնության մղող հզոր գործոն, որի ուժի ու մարտունակության շնորհիվ տարիներ շարունակ պահպանվում է այնքան փխրուն խաղաղությունը: Մենք գիտենք, որ այդ անդորրի համար պարտական ենք ամեն օր ծառայության գնացող, իրենց դիրքերում ու խրամատներում գտնվող զինվորներին, մեր սպաներին ու հրամանատարներին, մեր խիզախ զավակներին:Հարգելի' սպաներ ու զինվորներ, բանակում ծառայելը մեծ առաքելություն է, իսկ հաղթանակած բանակում ծառայելը` պատիվ ու պատասխանատվություն: Պատմությունը մեր ժողովրդի մեջ արմատավորել է հարգանք Հայոց բանակի նկատմամբ ու պատահական չէ, որ անգամ օտարի համար հայ զինվորի կերպարը մնում է որպես քաջության ու արիության խորհրդանիշ: Այդ պատճառով մեզանում զինվորականի գործը համարվում է ամենապատվաբերներից մեկը:Հայաստանն ավարտին է հասցնում զինված ուժերի բարեփոխումների հերթական փուլը: Մեր խնդիրը ժամանակակից, մարտունակ ու շարունակական զարգացում ապրող հզոր բանակ ունենալն է` խարսխված առաջավոր փորձի ու հայ զինվորականության հաղթական ավանդույթների վրա:

No comments: