Saturday, July 16, 2011

Ազատագրված տարածքների վերաբնակեցման դիմումներն անարձագանք են մնում. Արման Մելիքյանը`The Washington Post-ին

Tert.am. 16-7-2011- Ամերիկյան հեղինակավոր Washigton Post պարբերականը անդրադարձել է ազատագրված տարածքներում Ադրբեջանից գաղթած հայերի վերաբնակեցման խնդրին։
Թերթի լրագրողի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն ասել է, որ այդ տարածքներում հայ գաղթականների վերաբնակեցումը կարող է լինել Ադրբեջանում նրանց կորցրած ունեցվածքի փոխհատուցումը, ինչպես նաև կարող է խափանել Մինսկի խմբի պատրաստած շրջանակային համաձայնագրի ստորագրումը, որը, ըստ Մելիքյանի, նախատեսում է նաև տարածքների վերադարձ: Մելիքյանը գտնում է, որ եթե այդ շրջանները բնակեցված լինեն հայերով, ապա դա բավական կբարդացնի տարածքների վերադարձը Ադրբեջանին:
Հոդվածագրի կարծիքով` Մելիքյանի այս ծրագրի իրականացման դեպքում բաց է մնում Լեռնային Ղարաբաղից և ազատագրված տարածքներից հեռացած ադրբեջանցիների ունեցվածքի կորստի փոխհատուցման հարցը: Մելիքյանի կարծիքով, դա Ադրբեջանի ներքին խնդիրն է։
Հոդվածում նշվում է, որ հայ փախստականների վերաբնակեցումը այդպես էլ չի իրականանում, չնայած առանձին դեպքերում մարդիկ ինքնուրույն տեղափոխվում են այդտեղ ապրելու։ Մելիքյանը նշում է, որ վերաբնակեցման ավելի քան 35 հազար դիմում է ներկայացվել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, սակայն դրանք անպատասխան են մնացել։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի խոսքով` ազատագրված տարածքները այնքան վատ վիճակում են, որ լուրջ ներդրումներ են պահանջվում դրանք բնակելի դարձնելու համար։ Բացի այդ, նա չի ցանկանում վտանգել բանակցային գործընթացը։
Պարբերականը զրուցել է նաև Ադրբեջանից գաղթած Սարո Սարոյանի հետ, որն ասել է, թե ազատագրված տարածքներում մի քանի ակր հողը չի կարող փախստականին փոխհատուցել Բաքվում կորցրած բնակարանը, հատկապես եթե հաշվի առնվի, որ պատերազմից հետո Բաքվում կենսամակարդակն աճել է։

No comments: