Thursday, January 22, 2009

Հայ ազգային կոնգրես. «Հայաստանում շարունակվում է խորը քաղաքական ճգնաժամը»

«Ազատություն». 21-1-2009- Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը` այսօր հրապարակած հայտարարությամբ պնդում է, որ երկրում շարունակվում է «խորը քաղաքական ճգնաժամը»: «Այդ ճգնաժամի չլուծման հիմնական պատճառն իշխանությունների կողմից քաղաքական լուծումներ փնտրելուց հրաժարումն է եւ վեց տասնյակ քաղբանտարկյալների պահելը բանտերում` հակառակ հասարակության, իրավապաշտպան կազմակերպությունների, միջազգային հանրության պահանջներին», - մեկնաբանեց Զուրաբյանը` մեջբերելով Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունից: «Ռեժիմը, ըստ էության, որդեգրել է քաղաքական պատանդներ պահելու միջոցով համաժողովրդական շարժումը մաշեցնելու եւ բարոյազրկելու անհեռանկար ռազմավարություն», - մասնավորապես, ասված է հայտարարությունում, որը հրապարակեց Լեւոն Զուրաբյանը: - «Այդ ծրագիրը իրականցնելու համար վարչախումբը որեւէ գնի առջեւ կանգ չի առել: Իսկ կորուստները իսկապես մեծ են` հեղինակազրկվում է Հայաստանը, ընկնում նրա միջազգային վարկը, թուլանում են Հայաստանի դիրքերը Ղարաբաղյան բանակցություններում, վտանգի տակ է համագործակցությունը Եվրոպական միության հետ... Երկրում շարունակում է տիրել անառողջ հասարակական մթնոլորտ, անհեռանկարայնության զգացում, աճել են էմիգրացիայի տեմպերը»: Հայ ազգային կոնգրեսը Հայաստանի իշխանություններից պահանջում է դադարեցնել անհեռանկար «ռեպրեսիվ քաղաքականությունը», ազատ արձակել քաղաքական դրդրապատճառներով կալանավորվածներին, ինչից հետո ընդդիմադիր ուժը պատրաստ է գնալ իշխանությունների հետ երկխոսության: «Բնականաբար», - ասաց Կոնգրեսի համակարգողը, - «քաղբանտարկյալների ազատ արձակումից հետո մենք պատրաստ ենք անմիջապես սկսել երկխոսություն իշխանությունների հետ քաղաքական լուծումներ գտնելու վերաբերյալ»: Հարցին, թե ինչպես է վերաբերում Հայ ազգային կոնգրեսը ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ձայնից զրկելու հեռանկարին, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. - «ՀԱԿ-ի հաղթանակ մենք համարեցինք այն, որ Եվրոպայի խորհուրդը ճանաչել է այս մարդկանց քաղաքական բանտարկյալներ: Այսինքն` ընդունել է այն ճշմարտությունը, որ ընդդիմությունը մատուցել է իրենց: Դա ենք մենք համարել մեր հաղթանակը.. Եթե մենք ուզում ենք, որ նրանց որոշումը լինի սկզբունքային, հետեւողական, արդարացի, ապա գոնե մեր կողմից կատարվելիք գործը հետեւյալն է` տրամադրել նրանց օբյեկտիվ տեղեկատվություն: Եվ դա մենք անելու ենք: Մնացած հարցերը արդեն իշխանությունների եւ Եվրոպայի խորհրդի միջեւ ճշտվելիք հարցեր են»: Տաթեւիկ Լազարյան

No comments: