Saturday, January 17, 2009

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԻՑՈՒԿ` ԿԶՐԿԵ՞Ն, ՉԵ՞Ն ԶՐԿԻ

ԵԽ Մոնիտորնիգի հանձնաժողովի համազեկուցողները Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլումբիեն այսօր վաղ առավոտյան մեկնեցին Հայաստանից` այդպես էլ որեւէ լրատվամիջոցի որեւէ բան չասելով: Իսկ խորհրդարանական ընդդիմությունը`«Ժառանգությունը», գտնում է, որ ԵԽԽՎ բանաձեւերի հիմնական պահանջները չեն կատարվել: «Եվ պատահական չի, որ Մոնիտորինգի հանձնաժողովն ընդունեց նման նախագիծ. որպես կանոն` նման նախագծերը լիագումար նիստերում վավերացվում են, հիմնականում ընդունվում են, եւ հրաշքներ պետք է տեղի ունենան, որ նախագծերը չհաստատվեն: Իսկ մենք գիտենք, որ հրաշքներ տեղի չեն ունենում»,-«Ա1+»-ին ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Ըստ նրա, այսօր մարդիկ ապօրինաբար շարունակում են մնալ մեկուսարաններում, 10 մարդկանց` զոհերի, վերաբերյալ բավարար քննություն չի տարվել եւ այսօր որեւէ մեկը դատապարատված չի նրանց սպանելու համար, իսկ արդեն լրանում է մեկ տարին,«7-ի» գործն էլ շինծու է եւ անմեղ մարդկանց անհիմն մեղադրանքներ է առաջադրվում: Ինչպես Զարուհի Փոստանջյանն, այնպես էլ «Քաղբանտարկյալների իրավական աջակցության կենտրոն»-ի համակարգող Արմեն Խաչատրյանը գտնում են, որ «7-ի դատավարությունը» մինչեւ հունվարի 30-ը հետաձգելը փաստում է, որ խնդիրը ոչ թե իրավական, այլ քաղաքական դաշտում է. եւ ՀՀ իշխանությունը սպասում է ԵԽԽՎ նիստին: «Բանաձեւերի կատարման առումով կարելի է հստակ ասել, որ ՀՀ-ն հետընթաց է ունեցել այս ընթացքում, որովետեւ ոչ միայն բանաձեւերի առաջարկները չեն կատարվել, ա յլեւ 7-ի գործի հետ կապված դատական կարգով ավելի մեծացել է խախտումների ծավալը. օրինակ այսօր Մնացական Մարտիրոսյանը կայացրեց սանկցիա, որի մեջ որպես անհարգալից վերաբերմունքի դրսեւորում գնահատեց նաեւ նախկին նիստերի ժամանակ ոտքի չկանգնելու փաստը, իսկ դրա համար արդեն կիրառել էր պատժամիջոց. սա օրենքի խախտում է»,- ասաց Արմեն Խաչատյանը: Իսկ ընդհանրապես, ներման հրամանագրերի վերաբերյալ էլ ասաց. «Բնականան է, իրենք ուզում էին ասել, որ քայլ են կատարել, բայց նորից գնացին ապօրինության ճանապարհով, ճնշումների միջոցով փորձեցին մարդկանցից ներման խնդրագրեր կորզել, ինչը անթույլատրելի է. դեռեւս պատիժ չկրող մարդկանց փորձում են համոզել, որ ներման խնդրագիր ներկայացնեն»,-ասում է Խաչատրյանը: Ինչ վերաբերում է մոնիտորինգի հանձնախմբի համազեկուցողների այցին, ապա Արմեն Խաչատրյանի կարծիքով, նրանք տեղեկատվություն ստանալու խնդիր չունեին. «Իրենք եկել էին իշխանություններից լսեին` կատարե՞լ են իրենց առաջարկները, թե ոչ: Ինֆորմացիային ամբողջությամբ, կարծում եմ, տիրապետում էին»: Ի դեպ, Արմեն Խաչատրյանի մոտ պաշտոնական հաղորդագրություններից տպավորություն է ստեղծվել, որ այս անգամ իշխանությունները չեն ստել, պարզ ասել են, որ որեւէ քայլ չեն արել: ՀՀԿ մամլո քարտուղար, ԱԺ պատգամավոր Էդվարդ Շարմազանովն էլ վստահ է, որ ձայնի իրավունքից ՀՀ-ն չի զրկվի. «ՀՀ-ում, այո, կան խնդիրներ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հետ կապված, այնուհանդերձ, բավականին գործ արվել է քաղաքական ճգնաժամը հաղթահարելու եւ բանաձեւերի պահանջների կատարման ուղղությամբ: Շատ աղոտ եմ համարում ՀՀ-ին ԵԽ-ում ձայնի իրավունքից զրկելու հեռանկարը, որովհետեւ դրա համար շատ լուրջ հիմքեր չեմ տեսնում: ՀՀ իշխանություններին` նախագահի գլխավորությամբ հաջողվել է լուրջ ասշխատանքներ իրականացնել»: Բայց անկախ նրանից, թե ինչպիսի գործընթաց կգնա հունվարյան նստաշրջանում, կամ դրանից հետո, Շարմազանովը գտնում է, որ իշխանությունները պետք է իրականացնեն ՀՀ ժողովրդավարացման խորացման բարեփոխումներ, որպեսզի լինի քաղաքական պայքար ժողովրդավարության կայացման համար:

No comments: