Saturday, January 10, 2009

ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎՃՌԱԿԱՆ ՏԱՐԻ

Lragir – 9.1.2009- «Բիզնեսի ոլորտում ամենամեծ անելիքը մենք ունենք` ձեռներեցները պահանջում են հավասար, թափանցիկ պայմանների ապահովում եւ առաջին հերթին մատնանշում են խոշոր բիզնեսը` որ պետությանը չի հաջողվում խոշոր բիզնեսը բերել հարկային դաշտ ու ապահովել հավասար մրցակցային պայմաններ: Այդ տեսակետից 2009 թվականը լինելու է արմատական փոփոխությունների տարի…: Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ հարկային եւ մաքսային վարչարարության բարելավման համար մեկ թիրախը խոշոր բիզնեսն է, եւ խոշոր բիզնեսը պետք է աշխատի թափանցիկ ու վերահսկելի: … Ազգային ժողովն արդեն հաստատել է միջազգային ստանդարտների մասին մեր կողմից ներկայացված կարեւորագույն օրենսդրական փոփոխությունները, այն է` խոշոր բիզնեսը 2009թ. իր գործունեության արդյունքները պետք է իր աուդիտի հավաստմամբ տպագրի մամուլում»: Սա մեջբերում է Հայաստանի վարչապետի` 2009 թ. կառավարության առաջին նիստում ունեցած ելույթից: Թերեւս, իսկապես 2009 թ. հայաստանյան խոշոր բիզնեսի համար կլինի արմատական փոփոխությունների տարի: Առաջին հայացքից, Հայաստանի վարչապետի հայտարարությունները տպավորություն են ստեղծում, որ կառավարությունը փորձում է իրագործել մեր տնտեսության եւ ընդհանրապես պետական համակարգի զարգացման կարեւորագույն խնդիրներից մեկը` հավասար մրցակցային պայմաններ, իշխանության եւ բիզնեսի տարանջատում: Գաղտնիք չէ, որ խոշոր բիզնեսը Հայաստանում սերտաճած է իշխանության հետ եւ համարվում է նրա հենարանը: Խոշոր բիզնեսին տրված են մենաշնորհ եւ արտոնություններ, մասնավորապես հարկերի եւ մաքսատուրքերի ոլորտում, ինչի դիմաց էլ խոշոր սեփականատերերը կատարում են իշխանության քաղաքական ծրագրերի սպասարկման գործառույթը: Մասնավորապես, ընտրությունների շրջանում ապահովում են փող, կեղծիքներ, ուժային «միջոցառումներ», գնում են լրատվամիջոցներ, որոնք ապահովում են տեղեկատվական «հովանավորությունը», եւ այլն:Արդյոք Հայաստանի իշխանությունը, որ չունի այլ հենարան, մասնավորապես հասարակության մեջ, կգնա մինչ այժմ իր միակ հենարանը ոչնչացնելու ճանապարհով: Այսինքն, արդյոք Հայաստանի իշխանության հռչակածը բարեփոխումների կուրս է, թե պարզապես սեփականության վերաբաժանում եւ կենտրոնացում մեկ տեղում: Այս հարցին, համենայնդեպս դատելով վերջին ամիսների զարգացումներից, կարելի է պատասխանել, որ «բարեփոխումների» վերջնական արդյունքը լինելու է սեփականության կենտրոնացումը մեկ տեղում: Բանն այն է, որ իրական բարեփոխումների համար անհրաժեշտ են պայմաններ, որոնցից զուրկ է Հայաստանի իշխանությունը: Մասնավորապես, հանրային վստահություն, լեգիտիմության անհրաժեշտ պաշար եւ այլն: Եթե սրան էլ գումարենք ներկայիս իշխանության եւ կառավարման որակը, պատկերը կամբողջանա: Մյուս կողմից, Հայաստանի ներկայիս իշխանությանը մինչ այժմ չի հաջողվում լուծել բուն իշխանության խնդիրը, որի համար էլ միակ մեթոդը մնում է երկրում հաստատված օլիգարխական համակարգի ոչնչացումը: Համակարգ, որն իրական ազդեցություն ունի երկրում, թե պետական իշխանության տարբեր օղակներում, թե տեղեկատվական դաշտում: Ահա եւ իշխանությունն օգտագործելու է այդ ազդեցությունը չեզոքացնելու բոլոր «օրինական» եւ «սահմանադրական» մեթոդները: «Բարեփոխումների» առաջին փուլն, անշուշտ, կանցնի բավական տոնական մթնոլորտում, քանի որ այն ենթադրում է տնտեսության ապամոնոպոլացում, ինչը կողջունեն միջազգային ատյանները եւ ինչին աջակցություն կցուցաբերեն: Դա դուր կգա նաեւ մարդկանց: Իսկ ահա երկրորդ փուլը կլինի ամենակարեւորը` արդյոք տնտեսության ապամոնոպոլացումը կհանգեցնի նաեւ հավասար մրցակցային պայմաններ ապահովելուն, իշխանության եւ բիզնեսի տարանջատմանը, թե տեղի կունենա սեփականության կենտրոնացում մեկ տեղում:

No comments: