Saturday, May 8, 2010

Շուշիի ազատագրումը մեր ժողովրդի պատմության լավագույն պահերից է. Ժիրայր Սեֆիլյան

Tert.am. 8-5-2010- Շուշիի ազատագրումը մեր ժողովրդի պատմության լավագույն պահերից մեկն էր այն իմաստով, որ մեր պատմության մեջ մենք հազվադեպ ենք հանդիպում այնպիսի դեպքերի, երբ ամբողջ հայությունը միավորվում է որևէ նպատակի և գաղափարի շուրջ։ Բերդաքաղաքի ազատագրումը Tert.am-ի հետ զրույցում այսպես բնութագրեց Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը: «Համոզված եմ, որ այդ օրերին երկրագնդի վրա չէր գտնվի մի մարդ, որը դեմ լիներ, որ հայերն ազատագրեին Շուշին, և այդ իմաստով լավ պահ էր»,- շարունակեց Սեֆիլյանը` ավելացնելով, որ պատերազմի օրերին դաշտում գտնվող մարտիկներն իրենց թիկունքին զգում էին հայ ժողովրդի շունչը։ «Այդ ոգու, այդ հոգու միավորումը, ես կարծում եմ, ստեղծում էր մի մեծ ուժ, մի մեծ էներգիա, և այդպիսի մեծ ուժի, անշուշտ, ոչինչ չէր կարող կասեցնել»,- նշեց նախկին հրամանատարը` ցավով նկատելով, որ մեր ժողովրդի մոտ հազվադեպ է պատահում այնպիսի միակամություն, ինչպիսին կար Շուշիի ազատագրման օրը։ Վերադառնալով մեր օրերին՝ Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ այսօր մեր ոգին անկում է ապրել։ «Ես կասեի, որ մեր ոգին բավական անկում է ապրել` գլխավորապես մի պատճառով, որ մենք չկարողացանք մեր ներսում պատերազմից հետո ձևակերպել ճիշտ համակեցություն, արդար համակեցություն, բարոյական համակեցություն»,- ասաց Սեֆիլյանը։ Նա նշեց, որ արդեն Շուշիի ազատագրման որերորդ տարեդարձն է, որ իրենք տոնական տրամադրություն չեն ունենում այն պատճառով, որ երկրում կան խնդիրներ, մասնավորապես, քանի դեռ «Սասուն Միքայելյանների նմանները բանտում են, քանի դեռ ժողովուրդը կեղեքված է մի խումբ հարուստների կողմից»։ Այնուամենայնիվ, Ժիրայր Սեֆիլյանն այն օրերի հաղթական ոգին վերադարձնելու հույսը չի կորցրել: «Ես, միաժամանակ, հոռետես չեմ, ես համոզված եմ, որ մեր մոտ ոգեղենությունը չի կորել` նվազել է, բայց չի կորչել։ Ուզում եմ ասել, որ այդ ոգեղենությունը վերականգնելը մեզ համար այնքան էլ դժվար չի լինելու, կգա պահը, և մենք կմաքրենք մեր տան ներսը և կամաց-կամաց այդ ոգեղենությունն իր բարձր մակարդակում կլինի»,- համոզմունք հայտնեց Ժիրայր Սեֆիլյանը։

No comments: