Wednesday, February 25, 2009

Մոսկվայում հայկական եկեղեցու շինարարությունը կավարտվի 2010 թվականին

HayInfo.24-2-2009- Հայ առաքելական եկեղեցու Ռուսական թեմի մայր տաճարի շինարարությունը Մոսկվայում կավարտվի 2010 թվականին։ Այդ մասին «Собеседник Армении» թերթին տված հարզացրույցում հայտնել է Հայ առաքելական եկեղեցու Ռուսական թեմի առաջնորդ, եպիսկոպոս Էզրաս Ներսիսյանը։ Եկեղեցու կառուցման համար տարածքը Մոսկվայի քաղաքապետարանի կողմից տրամադրվել էր դեռևս 1996 թվականին. տարածքը գտնվում է Օլիմպիական պողոտայի մոտակայքում։ Շինարարությունը նախատեսվում էր ավարտել 2001 թվականին, սակայն 2000-ին Հայ առաքելական եկեղեցու Ռուսական թեմի նախկին առաջնորդ, արքեպիսկոպոս Տիրան Կյուրեղյանին մեղադրեցին տաճարի համար նվիրատվություններից 3 միլիոն դոլար յուրացնելու մեջ և զրկեցին հոգևոր աստիճանից։ Նորընտիր եպիսկոպոս Ներսիսյանը ստիպված էր նորից գումար հավաքել։ Վերջինիս խոսքերով, տաճարի կառուցումը վերսկսել է 2006 թվականին ու ընթանում է նոր նախագծով։ Տաճարի ընդհանուր տարածքը կազմում է ավելի քան 25 հազար քառակուսի մետր։ Տվյալ տարածքում տեղակայված կլինեն նաև կիրակնօրյա դպրոց, գրադարան, կոնֆերենս-դահլիճ, ինչպես նաև ստորգետնյա ավտոկայան։ Ընդհանուր առմամբ, շինարարական աշխատանքների ծախսերը գնահատվում են 30-35 ամերիկյան դոլար։ Հարցազրույցի ընթացքում Էզրաս Ներսիսյանը նշել է, որ, եթե հաշվի չառնել Էջմիածնի առաջանիստ եկեղեցին, նմանատիպ եկեղեցական համալիր, որն իր մեջ ներառում է տաճար ու ազգային-մշակութային կենտրոն, հայկական եկեղեցին այլևս ոչ մի տեղ չունի։ Տաճարի բարձրությունն է լինելու 50 մետր /առանց խաչի/, երկարությունն ու լայնությունը, համապատասխանաբար, 40 և 35 մետր, իսկ ահա գմբեթի տրամագիծն է՝ 21 մետր։ Ներսիսյանի խոսքով՝ արդեն ավարտվել են երեսպատման աշխատանքների 25-30 և ինժեներական աշխատանքների 40-50%-ը։ Մինչ այս տարվա երրորդ եռամսյակ, թեմը ծրագրում է բացել և օծել եկեղեցական համալիրի փոքր եկեղեցին։

No comments: