Saturday, February 28, 2009

Ըստ Բ.Հարությունյանի` Խոջալուի գործողությամբ հայերը պարտավոր էին պաշտպանել իրենց մարդկային, ազգային-էթնիկական իրավունքները

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խոջալուի գործողությունը շատ անհրաժեշտ էր. հայերը կամ պետք է իրենց ճամպրուկները հավաքեին, թողնեին, հեռանային կամ պաշտպանեին իրենց մարդկային, ազգային-էթնիկական իրավունքները: Նման դիտարկում արեց ԳԱ ակադեմիայի թղթակից-անդամ, դոկտոր, պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում` նկատելով, որ այդ իմաստով հայերը գտնվեցին իրենց բարձրության վրա: Խոջալուն ազգային ազագատագրական պայքարում կարեւոր գործողություն էր, որը նպատակ ուներ «քաղցկեղային բջիջներից մաքրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը»: Ադրբեջանական իշխանությունները հեռահար ձեւով, մտածված աշխատել էին հայկական գրեթե բոլոր բնակավայրերը շրջապատել ադրբեջանական բնակավայրերի շղթայով, մասնավորապես իրենց վերահսկողության տակ վերցնել ճանապարհները, անդամալուծել հանրապետության ողջ կենսագործունեությունը: Խոջալուի անկման մեջ, գիտնականի դիտարկմամբ, շահագրգռված էր նաեւ Ադրբեջանը: Իշխանական կողմը կամենում էր Խոջալուի անկումն օգտագործել ԱՊՀ երկրներից զորք բերելու, դրանով իր հակառակորդ ժողովրդական ճակատը ճնշելու համար: Ժողճակատն էլ իր հերթին ցանկանում էր այն բարդել իշխանությունների անճարակության վրա, պայքար սկսել իշխանությունների համար, եւ այն վերցնել Այազ Մութալիբովից: «Հայերն անպայման պետք է ազատագրեին Խոջալուն եւ այդ քաղկցեղի բջիջը վերացնեին մեր հայկական օրգանիզմից: Հայերը հանդես բերեցին վերին աստիճանի մարդասիրական վերաբերմունք հատկապես խաղաղ բնակչության նկատմամբ»,-ասաց նա` խաղաղ բնակչության նկատմամբ բռնությունների մեղադրանքները միայն հեքիաթ համարելով այն պարզ պատճառով, որ հայկական կողմը նույնիսկ ամիսներ առաջ հայտարարել էր, որ պատրաստվում է մտնել Խոջալու, եւ խաղաղ բնակչությանը կոչ էր անում թողնել, հեռանալ: 1992թ-ի փետրվարի 10-ին այդ մասին կրկին պաշտոնապես հաղորդվել է, իսկ գրոհին նախորդող շրջանում օգտագործվել են բարձրախոսներ: Խոջալուում, ըստ պրոֆեսորի, կարող էր խոսք գնալ հազարից քիչ ավելի բնակչության թվի մասին: Չնայած հայկական կողմի գործադրած ջանքերին ու բացված մարդասիրական միջանցքին` ադրբեջանցիները թյուրիմացության մեջ գցեցին մարդկանց` ուղղելով Նախիջեւանիկի կողմ: Բ.Հարությունյանը հիշատակեց այն հանգամանքը, որ Ա.Մութալիբովը հեռախոսազանգով մեղադրել է ԼՂՀ իշխանություններին` իբրեւ թե «խաղաղ բնակչության նկատմամբ գազանության մեջ», սակայն ԼՂՀ նախագահ Արթուր Մկրտչյանը տարակուսանքով նկատել է, որ այն անձինք, ովքեր չեն կարողացել հեռանալ մարդասիրական միջանցքի միջոցով, անվտանգ տեղափոխվել են Ստեփանակերտ, եւ նրանք կերակրվում են` չնայած ուտելիքը չի բավականացնում նաեւ իրենց: Ադրբեջանական կողմը, ըստ Բ.Հարությունյանի, շահարկում է նաեւ թուրք-մեսխեթցիների հարցը: Միջին Ասիա քշված թուրք-մեսխեթցիներին իբրեւ մարդասիրական մղումներով վերաբնակեցման ձգտող ադրբեջանցիները ցանկանում էին նրանց Արցախում բնակեցնել: Այնինչ` Խոջալուից նրանց չաջակցեցին դուրս գալ` քաղաքում թողնելով բախտի քմահաճույքին: Հայերը քաղաքն ազատագրելուց հետո առաջարկեցին նրանց մնալ Խոջալուում, սակայն նրանք, վստահ լինելով, որ ադրբեջանցիները հետ կգրավեն քաղաքը, վախեցան, որ իրենց հետ լավ չեն վարվի ու լքեցին այն: «Հայկական կողմից արվեց առավելագույնը, որ մարտական գործողությունները մարդկային մեծ զոհեր չխլեն, հատկապես խաղաղ բնակչության շրջանում»,-վստահություն հայտնեց ԳԱԱ թղթակից-անդամը: Աղդամի շրջանում հայտնաբերված խոշտանգված դիակների ցուցադրումը, ըստ Բ.Հարությունյանի, հարց է առաջացնում` հայկական ուժերը չէին վերահսկում այդ շրջանը, ինչպե՞ս եղավ, որ այդ հատվածում մարմինների խոշտանգման մեջ մեղադրվեցին հենց նրանք: «Դա ամենազզվելի բանն է, որ երբեւիցե պատմության մեջ արվել է` իրենք իրենց հայրենակիցների հետ հաշվեհարդար տեսան, խոշտանգեցին մարմինները, որ հակահայկական հիստերիա մտցնեն եւ իշխանական կռիվ սկսեն Մութալիբովի վարչակարգի դեմ»,-նկատեց նա: Բ.Հարությունյանը դժգոհություն արտահայտեց այդ հարցում տեղեկատվության ներկա վիճակից: «Չի կարելի 17 տարի լռել, ոչինչ չասել: Մենք պարտավոր ենք անդրարդառնալ խնդրին»,-նշեց Բ.Հարությունյանը:

No comments: