
HayInfo. 17-3-2009- Երևանի քաղաքապետի պաշտոնին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածության առաջադրման մասին Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) որոշումը իշխանություններին ցուգցվանգի իրավիճակի մեջ դնելու փորձ է, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Այդ մասին հաղորդում է Նովոստի-Արմենիան
Նախօրեին տեղի ունեցած Հայ ազգային կոնգրեսի Քաղաքական խորհրդի և կենտրոնական գրասենյակի համատեղ նիստի ժամանակ որոշում է ընդունվել Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունն առաջադրել Երևանի քաղաքապետի պաշտոնին։ Այժմ Երևանի քաղաքապետն է Գագիկ Բեգլարյանը, ով այդ պաշտոնին է նշանակվել մարտի 4-ին՝ ՀՀ նախագահի հրամանով։ Նա ավագանու խորհրդի ընտրություններին գլխավորում է Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակը։
«Բեգլարյանի ընտրվելուն աջակցելու դեպքում, իսկ դա կարող է լուրջ դժվարությունների հետ կապված լինել, իշխանությունների վիճակը կբարդանա, իշխանության թեկնածուի փոփոխությունը նույնպես կվատացնի իրավիճակը, իսկ Տեր-Պետրոսյանին ընտրվելու հնարավորություն տալը նույնպես նշանակում է վատացում», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասաց Իսկանդարյանը։
Մայիսի 31-ին տեղի կունենա Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունները: «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի համաձայն նախատեսվում է Երևանում ստեղծել 65 անդամներից բաղկացած և համամասնական ընտրակարգով ձևավորվող Ավագանու խորհուրդ։ Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը, որը ընտրությունների ժամանակ կհավաքի 50%՝ գումարած մեկ ձայն:
Միաժամանակ քաղաքագետը կարծում է, որ նման քայլը ցույց տվեց, որ ՀԱԿ-ը ցանկանում է փորձել շարունակել քաղաքական պայքարը։
«Դժվար թե դա քաղապետ դառնալու և դրա վրա կանգ առնելու անկեղծ ցանկություն է։ Այդ դեպքում հայտնվում է որոշակի զուգահեռ կառույց, որն արդեն իշխանություն է, գուցե դա երկիշխանություն չէ, այլ «կիսաիշխանություն» է, ամեն դեպքում դա կարող է ծառայել որպես հարթակ հետագա պայքարը շարունակելու, այլ ոչ թե տեղում նստելու և խաղաղ ասֆալտ փռելու համար», - պարզաբանեց նա։
Իսկանդարյանը նաև նշեց, որ Տեր-Պետրոսյանի առաջադրումը, անշուշտ, կխստացնի պայքարը ընտրությունների ժամանակ:
«Կարծում եմ, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվեր, ապա լուրջ պայքար ընդհանրապես չէր լինի։ Իսկ այժմ իրավիճակը միանգամայն այլ է», - եզրափակեց Իսկանդարյանը։
Հայ Ազգային Կոնգրեսը ստեղծվել է օգոստոսի 1-ին Տեր-Պետրոսյանին աջակցող 16 քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների կողմից։
Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ: Մարտի 1-2-ին բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել ավելի քան 200-ը։
No comments:
Post a Comment