Saturday, March 14, 2009

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԿԱՆԱՅՔ ԲԱՄԲԱՍՈՒՄ ԻՐԵՆՑ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻՑ

«Առավոտ» 13-3-2009- Անգլիացի գիտնականները կանանց շրջանում հետազոտություններ են անցկացրել՝ նրանց խնդրելով պատասխանել հինգ հարցի։ Ստորեւ ներկայացնում ենք այդ հարցերն ու դրանց պատասխանները. 1. Ո՞րն է ձեր ամուսնու ամենաանտանելի սովորությունը։ Հարցմանը մասնակցած 100 կանանցից 30-ն ասել է, որ ամուսինն իրեն խենթացնում է, երբ նստած հեռուստացույցի դիմաց անընդհատ ալիքներն է փոխում։ 100-ից 20-ը բողոքել է, որ ամուսինը չի ցանկանում որեւէ մեկից օգնություն հայցել կամ խորհուրդ հարցնել, երբ անելանելի դրության մեջ է։ 2. Եթե կարողանայիք ինչ-որ բան փոխել ձեր ամուսնու մեջ, դա ո՞րը կլիներ։ Այս հարցին 100 կանանցից 51-ը պատասխանել է, որ շատ կուզենար կախարդական փայտիկի մի շարժումով ամուսնուն ավելի շփվող դարձնել, 25-ը ցանկություն է հայտնել, որ ամուսինն աշխատանքի առումով ավելի լավ ասպարեզ ընտրած լիներ։ Լավ իմացե՛ք, տղամարդիկ, որ 100-ից 12 կնոջ ցանկությունն է ձեզ ավելի լավ սիրահարների վերածել, իսկ միայն 4-ն է երազում, որ դուք ավելի գեղեցիկ լինեք։ 3. Ընդհանրապես՝ ինչո՞ւ եք վիճում։ 100 կանանցից 44-ը կարծում է, որ դրամի պակասը ամուսնական կյանքի խաղաղության մեծագույն թշնամին է։ 21-ը պնդում է, որ վիճաբանության պատճառը երեխաներն են, իսկ 14-ը վեճերի առիթ է համարում ընտանեկան խնդիրները, 11-ն էլ վիճում է ազգականների համար։ 4. Ինչպե՞ս եք վերաբերվում ձեր ամուսիններին՝ վեճից հետո։ 100 կանանցից 68-ը պատասխանել է, որ բարկացած անկողին է մտնում։ Միայն 19 կին է իր վեճի հանգուցալուծումը գտնելուց հետո քայլերն ուղղում դեպի անկողին։ 5. Ի՞նչ կանեք, եթե ձեր ամուսինը մի օր հանկարծ հայտնի, որ դավաճանում է ձեզ կամ պատրաստվում է ծանոթանալ մեկ ուրիշ կնոջ հետ։ Հարցման ենթարկվածներից՝ 25-39 տարեկան կանայք, ընդհանրապես, պարտադիր ցանկանում են պատժել խաբեբային։ Այդ տարիքի կանանցից 100-ից 30-ը ամուսնալուծության է դիմում, 18-ը լսում է բարեկամ-մտերիմների խորհուրդները։ 39-ից բարձր տարիք ունեցող կանանց մեծամասնությունը նախընտրում է փրկել ամուսնությունը, թեեւ խախտվում է կողակցի նկատմամբ վստահությունը։ Եվ միայն 100-ից 12-ն է անմիջապես ներում ամուսնուն։ Պատրաստեց Մ. ՂԱԶԱՐՅԱՆԸ

No comments: