Saturday, March 14, 2009

Միլիարդատերերի քանակը կրճատվել է

«Առավոտ» 13-3-2009- Ճգնաժամի պատճառներով աշխարհում միլիարդատերերը պակասել են 1/3-ով, իսկ նրանց ունեցվածքը կրճատվել է 2 անգամ: gazeta.ru-ն, վկայակոչելով «Forbs» ամսագիրը, նշում է, որ առաջին տեղն է վերադարձել «Microsoft» ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը, որի ունեցվածքը կազմում է $40 միլիարդ: Գեյթսի դրամապանակը «նիհարել» է $18 միլիարդով: 2-րդ տեղում է հայտնի ամերիկյան ներդրող Ուորեն Բաֆեթը, որն ունի $37 միլիարդ եւ աղքատացել է 25 միլիարդով: Հարուստների եռյակը եզրափակում է մեքսիկացի մագնատ Կառլոս Սլիմը՝ $35 միլիարդով: Ամենահարուստ ռուսաստանցի գործարարն է «Օնէքիմ» խմբի սեփականատեր Միխայիլ Պրոխորովը, որի կարողությունները «Forbs»-ը գնահատել է $9,5 միլիարդ: Անցած տարվա ընթացքում բիզնեսմենը կորցրել է իր կապիտալի ուղիղ կեսը: Ընդհանուր ցուցակում Պրոխորովը զբաղեցնում է 40-րդ տեղը: 51-րդ տեղում է Ռոման Աբրամովիչը ($8,5 միլիարդ), եւ «Լուկօյլ»-ի նախագահ Վագիթ Ալեքպերովը 58-րդ տեղում է: Նրա ունեցվածքը կազմում է $7,8 միլիարդ: Միլիարդատերերի՝ «Forbs»-ի ցուցակից դուրս են մնացել ռուսաստանցի մի շարք բիզնեսմեններ, այդ թվում՝ Մոսկվայի քաղաքապետ Լուժկովի տիկինը՝ Ելենա Բատուրինան, եւ «Տրոյկա դիալոգ» ընկերության տնօրենների խորհրդի ղեկավար Ռուբեն Վարդանյանը: Մեկ տարվա ընթացքում ամենաշատը տուժել են անշարժ գույքով եւ շինարարությամբ զբաղվող գործարարները:

No comments: