
Lragir 13-3-2009- Մարտի 13-ին Հայաստան է ժամանել Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին: Այցը պաշտոնական է եւ տեղի է ունենում Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի հրավերով: 13-ի առավոտյան երկու նախարարները հանդիպել են, որից հետո կարճատեւ ճեպազրույց են ունեցել լրագրողների հետ: Իրանի արտգործնախարարը Էդուարդ Նալբանդյանի հետ հանդիպման եկել է ուշացումով, բայց արտգործնախարարները հանդիպելու են նաեւ նույն օրը երեկոյան: Մինչ այդ, Մանուչեհր Մոթաքին հանդիպելու է Հայաստանի նախագահի հետ: Նախատեսված են նաեւ հանդիպումներ Ազգային Ժողովի նախագահի, վարչապետի, անվտանգության խորհրդի քարտուղարի, էներգետիկայի նախարարի հետ:
Էդուարդ Նալբանդյանը նշել է, որ քննարկել են թե երկկողմ հարաբերության, թե տարածաշրջանի կայունությանը վերաբերող հարցեր: Հայաստանի արտգործնախարարը իրանցի գործընկերոջն է ներկայացրել Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի զարգացումը, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերության "հնարավոր կարգավորումը", որը արտգործնախարար Նալբանդյանի կարծիքով կարող է կարեւոր նշանակություն ունենալ տարածաշրջանի կայունության եւ անվտանգության առումով:
Իրանի արտգործնախարարը գոհունակություն է հայտնել հայ-իրանական հարաբերությունից, սակայն նկատել, որ հաշվի առնելով առկա հնարավորությունները, բավարար չեն համարում հարաբերության մակարդակը: Իրանի արտգործնախարարը նշել է, թե եթե կյանքի կոչվեն երկկողմ պայմանավորվածությունները, ապա հայ-իրանական հարաբերության մակարդակը ավելի կբարձրանա:
No comments:
Post a Comment