
Lragir. 13-3-2009- Հայաստանի ազգային դրամը կարժեզրկվի նաեւ հետագայում, մարտի 13-ին Հայելի ակումբում հայտարարել է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Բագրատյանն ասել է, որ արժեզրկման աստիճանը կախված կլինի Ռուսաստանից եկող տրանսֆերտների ծավալից: Նա կանխատեսել է, որ տարվա ընթացքում դրամ-դոլար փոխարժեքը կտատանվի մեկ դոլարի դիմաց 400-850 դրամի սահմանում: Հրանտ Բագրատյանը ասել է, որ չի հավատում, որ Հայաստանի կենտրոնական բանկը վարում է լողացող փոխարժեքի քաղաքականություն: Նախկին վարչապետի խոսքով, պետք չէ մտածել նաեւ, թե լավ է, որ գները զսպվում են: Նա ասում է, որ այդպես չի կարող ձգվել հավերժ եւ պայթյունը դառնում է անխուսափելի:
Բագրատյանը հայտարարել է, որ իշխանությունն առաջնորդվում է սկզբունքով` "մի վնասիր օլիգարխներին" եւ վարում է մի քաղաքականություն, որից տուժում է շարքային քաղաքացին: "Մեզ այսօր սպանում են մենատերերն ու օլիգարխները: Դա պետք է հասկանալ", հայտարարել է Բագրատյանը: Որպես տնտեսության համար օգտակար եւ անհրաժեշտ քայլ, Հրանտ Բագրատյանը նշել է դրամի իրապես լողացող փոխարժեքի քաղաքականության անցնելը, ներկրման ապամոնոպոլիզացիան:
Հրանտ Բագրատյանն իր տարակուսանք է հայտնել նաեւ այն կապակցությամբ, որ Հայաստանում չի սնանկացել որեւէ մի բանկ, ի տարբերություն աշխարհի: Բագրատյանի խոսքով, դա կապված է այն բանի հետ, որ իշխանությունը չի ցանկանում վնասել բանկերին եւ աջակցել է բանկերին այն ամբողջ ժամանակահատվածում, քանի դեռ նրանք չանցան դոլարով վարկավորման եւ չսկսեցին վարկ տալ դոլարով: Դա, ըստ Հրանտ Բագրատյանի, անընդունելի է: "Եթե Հայաստանի ազգային արժույթը դրամն է, ապա ինչու են բանկերը վարկ տալիս դոլարով: Իսկ եթե դա թույլատրվում է, ապա ինչու չի թույլատրվում նաեւ առեւտուրն անել դոլարով", հայտարարել է Հրանտ Բագրատյանը:
Հրանտ Բագրատյանը սխալ է համարել նաեւ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը վարկավորելու կառավարության որոշումը, ասելով, որ խեղդվող ընկերությունը փրկելը միջոցների ավելորդ վատնում է, առավել եւս, որ կոմբինատը զգալի ծավալի արտադրանք ունի պահեստում: Բագրատյանի խոսքով, այդ փողը կարելի էր հատկացնել գյուղատնտեսությանը, ինչը գուցե ավելի օգուտ կտար: Ենթադրելով, որ այդ հարցում խառնված է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Հրանտ Բագրատյանը նկատել է. "ինչու ադրբեջանական նավթը մնաց պետական սեփականություն, իսկ հայկական մոլիբդենը դարձավ ինչ որ մեկի սեփականությունը":
No comments:
Post a Comment