
1909 թ.-ին Ադանայում հայերի անպատիժ կոտորածը 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության կանխագուշակը դարձավ, Ադանայում հայերի կոտորածի 100-ամյա տարելիցին նվիրված միջազգային գիտաժողովի ժամանակ լրագրողներին ասաց ամերիկացի հայտնի պատմաբան, Լոս-Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) պրոֆեսրոր Ռիչարդ Հովհաննիսյանը։ Այդ մասին հաղորդում է “Նովոստի-Արմենիան“:
«Աշխարհը խոսքերով դատապարտեց 1909 թ.-ի հայերի կոտորածը, ինչպես նաև 1896 թ.-ի ջարդերը, բայց ոչ ոք այդպես էլ ոչինչ չձեռնարկեց պատժելու համար նրանց, ովքեր իրագործել էին այդ ոճրագործությունը։ Դրա արդյունքում երիտթուրքերը համոզվեցին, որ կարող են անպատիժ ցեղասպանություն իրագործել»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, որ այդ ջարդերը ցույց տվեցին հայ բնակչության խոցելիությունը։
1909թ.-ի ապրիլին Ադանայում կազմակերպված կոտորածի հետևանքով ոչնչացվել էր շուրջ 30 հազար հայ։ Օսմանյան կայսրությունում հայերի ֆիզիկական ջարդ էր իրականացվել նաև նախկինում։ Մասնավորապես, 1894-1896թթ.-ին «արյունարբու» սուլթան Աբդուլ Համիդի կողմից կազմակերպված կոտորածի հետևանքով ոչնչացվել և արտագաղթվել էր 300 հազար հայ։ 1909թ.-ի կոտորածը հայերի ոչնչացման լայնամասշտաբ քաղաքականության սկիզբը դրեց, որը շարունակվեց Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին և դրանից հետո։
Հովհաննիսյանը նշեց, որ անգամ 1908 թ.-ի երիտթուրքական հեղափոխությունից և սուլթան Աբդուլ-Համիդի տապալումից հետո, չնայած որոշ լիբերալ բարեփոխումներին, մասնավորպես, քաղաքական կուսակցությունների օրինականացմանը, հայկական թերթերի հրատարակման թույլտվությանը, Թուրքիայում զգացվում էր հետամնաց և հետադեմ մահմեդական տարրի ազդեցությունը։ Նա ընդգծեց, որ այդ տարրը բացահայտ դժգոհությամբ էր վերաբերվում հայերին, ովքեր դարեր շարունակ նրանց համար երկրորդ կարգի մարդիկ էին, «գյաուրներ» (անհավատներ)։
Հովհաննիսյանն ավելացրեց, որ հիմա կարևոր է, որ աճող սերունդն իմանա իր պատմությունը։ «Դժբախտաբար, երեխաները Հայաստանում և սփյուռքում ինչպես հարկն է ծանոթ չեն իրենց պատմությանը։ Պատմությունը պետք է համատեքստում սովորել, ոչ թե միայն թվերով։ Կարևոր է, որ նրանք հասկանան Ադանայի դեպքերի և 1915 թ.-ի ցեղասպանության միջև եղած կապը»,- հայտարարեց նա։
Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորhուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։
No comments:
Post a Comment