
A1+. 8-4-2009- Քիչ առաջ Հյուսիսային պողոտայում ծեծի է ենթարկվել «Ա1+»-ի լրագրող Դավիթ Ջալալյանը:
Նրան ծեծի է ենթարկել անձամբ ՊՊԾ-ի պետ Ռոբերտ Մելքոնյանը( հայտնի է Բազազ մականունով), երբ լրագրողը պարզապես փորձել է նկարահանել, թե ոստիկանները ինչպես են հարձակվում եւ ծեծի ենթարկում Հյուսիսային պողոտայի քաղաքական զբոսանքի մասնակիցներին, անգամ լրագրողների:
Ռոբերտ Մելքոնյան հարվածել է «Ա1+»-ի լրագրողի դեմքին եւ որովայնի հատվածում, որից հետո ծեծը շարունակել են մյուս ոստիկանները:
Լրագրողին օգնություն ցույց տալու համար խմբագրություն ժամանած Շտապ օգնության բրիգադը առաջին բուժօգնություն ցույց տալուց հետո նրան տեղափոխել է հիվանդանոց:
Լրագրողին զննել են Հանրապետական հիվանդանոցում: Բժիշկները նշել են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում, բայց նա որոշ ժամանակ պետք է մնա բժիշկների դինամիկ հսկողության տակ:
«Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը,մեկնաբանելով այս փաստը, հայտնեց, որ «Ա1+»-ը հետամուտ է լինելու, որ մեղավորները պատժվեն ու պատասխան տան օրենքի ողջ խստությամբ:
No comments:
Post a Comment