Thursday, April 2, 2009

Հայաստանի տնտեսությունն անկում կապրի 3%-ով

HayInfo.1-4-2009-Հայաստանին 2009թ. սպառնում է 3% տնտեսական անկում: Այս կանխատեսումն է ընկած ՀՀ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ճշգրտված ծրագրի հիմքում, որը հրապարակվել է երեկ: Ըստ նախորդ ծրագրի՝ Հայաստանի տնտեսական աճը պետք է լիներ 4.5-7.5% միջակայքում: Այդ մասին հաղորդում է Կապիտալ օրաթերթ Ի՞նչն է ընկած այս հոռետեսության հիմքում: Նշենք, որ նույնիսկ միջազգային կառույցների ներկայացուցիչների կանխատեսումներն ավելի լավատեսական էին: Օրինակ՝ Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Նինկե Օմեսը «մեզ խոստացել էր» ընդամենը 1.5% անկում: Սակայն Օմեսի այդ խոստումից հետո աշխարհում շատ բան է փոխվել: Հենց ԱՄՀ-ն և Համաշխարհային բանկը վերջերս վերանայել են համաշխարհային տնտեսության աճի վերաբերյալ իրենց կանխատեսումները: Նախկին 0.5% աճի փոխարեն հիմա կանխատեսվում է անկում՝ առաջին անգամ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Փաստորեն՝ ԿԲ կանխատեսումների հիմքում ընկած են հիմնականում արտաքին միջավայրի ազդեցությունները՝ արտաքին պահանջարկի նշանակալի կրճատում, անբարենպաստ առևտրի պայմաններ և ֆինանսական ներհոսքի թուլացում: Այս ամենով հանդերձ սպասվում է, որ ցածր միջազգային գները կպահպանվեն ողջ 2009 թ. ընթացքում: Սակայն ԿԲ-ն կանխատեսել է, որ գնաճի մակարդակը տարեվերջին կկազմի 5.9%՝ նախատեսված առավելագույն 5.5%-ի փոխարեն: Նախորդ ծրագրում ԿԲ-ն համոզված էր, որ գնաճի թիրախային մակարդակը կհաջողվի պահպանել: 2009թ. գնաճի բարձր մակարդակը ԿԲ-ն պայմանավորել է երեք գործոնով՝ ապրիլի 1-ից գազի, էլեկտրաէներգիայի և ջրի սակագների ուղղակի և անուղղակի ազդեցությունը, հաշվի է առնվել ՀՀ դրամի արժեզրկմամբ պայմանավորված ներմուծված ապրանքների ներքին գների աճը, և ենթադրվել է, որ կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունն ընդլայնողական ազդեցություն կունենա ներքին պահանջարկի և գնաճի վրա: ԿԲ կանխատեսումները որևէ լավ բան չեն խոստանում տնտեսության ճյուղերին: Այսպես, սպասվում է, որ շինարարության անկումը կկազմի 11-15%, իսկ արդյունաբերության անկումը՝ 1-5%: Դրա փոխարեն չեն բացառվում ծառայությունների ոլորտի 0-4% աճ և գյուղատնտեսության 3-5% աճ: Հետաքրքիր կանխատեսումներ են արված տրանսֆերտների մասով: Չնայած այն հանգամանքին, որ հունվար-փետրվարին դեպի Հայաստան ոչ առևտրային նպատակով կատարվող փոխանցումները նվազել են 31.4%-ով, զուտ ներհոսքն աճել է 63.8%-ով՝ շնորհիվ այն բանի, որ էապես կրճատվել են Հայաստանից դեպի արտասահման փոխանցումները (զուտ ներհոսքը կազմել է $83.1 մլն): Կանխատեսվել է, որ 2009թ. տրանսֆերտները կնվազեն 30-35%-ով, սակայն արտահոսքի նվազման պայմաններում ընթացիկ հաշվի պակասուրդն այնքան էլ մեծ չի լինի:

No comments: