Thursday, April 9, 2009

ALERT! ԵԿԱՎ, ՏԵՍԱՎ, ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Lragir 8-4-2009- Երբ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Հայաստան է գալու գերմանացի հայտնի սոցիոլոգ Թիլման Ալերտը, հոդված գրելով այդ տեղեկատվության մասին, ենթադրեցի, որ իշխանությունը հերթական անգամ հայտնի սոցիոլոգ է բերում Հայաստան, որպեսզի Երեւանի քաղաքապետի ընտրությունից առաջ նրան օգտագործի վարկանիշային աճպարարությունների համար, փորձելով իր համար օգտագործել սոցիոլոգի հայտնիությունը: Պարզվեց, որ այդպես չէ, եւ Թիլման Ալերտը Հայաստան է եկել ոչ թե հանրային կարծիքը, այլ Սերժ Սարգսյանին ուսումնասիրելու համար: Այսինքն, Ալերտը ավելի մեծ առաքելություն է վերցրել իր վրա, քան ես ենթադրում էի: Գերմանացի գիտնականից թերեւս արժե ներողություն խնդրել, որ ենթադրել եմ այդպիսի մանր զբաղմունք, այն պարագայում, երբ նա փաստացի շատ ավելի ընդգրկուն բացահայտում էր պատրաստվում անել Հայաստանում` բացահայտել Սերժ Սարգսյանին: Սերժ Սարգսյանին ու նրա քարոզչության պատասխանատուներին էլ թվացել էր, թե եթե հայտնի գիտնականն է նրան բացահայտում, ապա կբացահայտվի մի բան, որը հանրությանն ուղղակի կհիացնի եւ կզարմացնի պաշտոնական տվյալով այն մոտ 800 հազար մարդկանց, որոնք նախագահի ընտրությանը ձայն չէին տվել Սերժ Սարգսյանին, թե ինչու իրենք չեն գնացել ու քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի հետ Թիլման Ալերտի զրույցը, պարզապես “մարդկային զրույցի” ձեւաչափով, տեսագրվել էր ու ցուցադրվեց Հանրային հեռուստատեսությամբ: Ես, ինչպես նաեւ թերեւս բոլոր նրանք, ովքեր նախկինում չէին ճանաչում Թիլման Ալերտին, տեսա եւ հասկացա, թե որքան հմուտ է իր գործի մեջ Ալերտն ու որքան լավ է կարողանում բացել իր առաջ նստած բարձրաստիճան պաշտոնյային` անկախ երկրի նախագահին: Նախագահի քարոզչության պատասխանատուները, համարձակվում եմ ենթադրել, որ ամբողջությամբ կամ չէին պատկերացրել Ալերտի այդ հմտությունը, կամ էլ չէին հասկացել, թե ինչ է նա բացահայտել: Հակառակ պարագայում Ալերտի եւ Սերժ Սարգսյանի զրույցը չէին ներկայացնի հանրությանը, որովհետեւ այդ զրույցի ընթացքում “բացահայտվածը” հաստատ ոչ թե երկրի, պետության նախագահ էր, ազգի առաջնորդ, այլ ընդամենը դասական չինովնիկի կերպար, թերեւս ոչ ավելի: Եթե Սերժ Սարգսյանը Թիլման Ալերտին եւ հեռուստադիտողներին այդ զրույցում ինչ որ բանով զարմացրեց, ապա դա թերեւս մեծ գիտնականի հետ մանր զրույց վարելու իր “ունակությամբ”: Եվ որքան հմուտ ու խորաթափանց էր երեւում գերմանացի գիտնականը, այնքան մանրանում էր Սերժ Սարգսյանի կերպարը, եւ իրավիճակը փրկեց միայն պատերազմական տարիներին Ղարաբաղի ժողովրդի հետ միասին Սերժ Սարգսյանի ընտանիքի զրկանքների մասին հատվածը: Միջոցառման կազմակերպիչներին թերեւս թվացել է, որ եթե կերպարը բացահայտում է մեծ գիտնականը, ապա բացահայտվելիքն էլ մեծ է լինելու: Սխալը թերեւս հենց դա է: Մեծերը թերեւս բացահայտում են փոքրերին, ու պետք էր զգույշ լինել Ալերտին հրավիրելուց առաջ: Նա իհարկե ծափահարում էր նախագահի գերմաներեն սովորելու ջանքի եւ հաջողության համար, բայց խնդիրն այն է, որ զրույցի ընթացքում ծափահարելու այլ առիթ Սերժ Սարգսյանը փաստորեն չտվեց Ալերտին, այսինքն նրա վրա որեւէ այլ մտքով, քան գերմաներենի ուսուցման պատմությունը, Սերժ Սարգսյանը չկարողացավ տպավորություն թողնել ծափահարություն կորզելու աստիճան: Էլ չասած այն մասին, թե հատկապես ինչ մտքով Սերժ Սարգսյանը տպավորություն թողեց հեռուստադիտողի վրա: Հաջորդ անգամ թերեւս պետք է նախագահի հետ զրույցների հրավիրել մի քիչ ավելի փոքր եւ անհայտ գիտնականների, որպեսզի նրանց նպատակը լինի ոչ թե “սուբյեկտին” բացահայտելը, այլ ինքնահաստատվելը, եւ նրանք ավելի շատ կենտրոնանան նախագահի հետ զրույցի միջոցով հայտնի դառնալու, ոչ թե մասնագիտական հերթական նվաճումը արձանագրելու վրա: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: