Thursday, April 23, 2009

«Թուրքիան պարտավորություն չունի, ունի պարտք, որը մենք պիտի գիտակցենք». ՀԿ ղեկավար

Tert.am. 23-4-2009- «Թուրքիան պարտավորություն չունի, ունի պարտք, որը մենք պիտի գիտակցենք», - նշել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպւոթյան ղեկավար Սամվել Կարապետյանը, ով տարիներ շարունակ ուսումնասիրել է Թուրքիայի արևելյան շրջաններում եղած, մասամբ արդեն վերացած հուշարձանները: Ի դեպ, Սամվել Կարապետյանն այդ տարածքն անվանում է միայն Արևմտյան Հայաստան` պնդելով, որ անգամ այս հարցում պետք է վճռական լինել: Մասնագետը պատմեց, որ Արևմտյան Հայաստանի տարածքում հայկական հուշարձանների խտությունը նույնն է, ինչ Հայաստանի հանրապետությունում հուշարձաններով ամենախիտ որևէ շրջան, սակայն պահպանվել են միայն շատ քիչ քանակությամբ լուսանկարներ, որոնցում պատկերված հուշարձաններից շատերն այլևս գոյություն չունեն: «Նույնիսկ ընդամենը 30 տարի առաջ կատարված լուսանկարաների հետ համեմատելիս կարելի է ահռելի տարբերություններ տեսնել դրանց ներկայիս վիճակից», - ահազանգում է Սամվել Կարապետյանը: Ոչնչացման համար թիրախ են դարձել հիմնականում պաշտամունքային կառույցները: Թուրքերը փոքր-ինչ գթասիրտ են գտնվել հայերի կառուցած կամուրջների և աղբյուրների նկատմամբ, որոնց վրայից մեծամասամբ քերվել են հայերեն արձանագրությունները: Գոյություն ունեցած հուշարձաններից միայն 20 տոկոսն է պահպանվել, դրանք էլ` հիմնականում այն բնակավայրերում, որտեղ մահմեդական հայեր են բնակվում: 1990-ականների կեսերից թուրքական իշախնությունների` Եվրոպա ձգտող քաղաքականությունը փոփոխություն մտցրեց նաև հայկական հուշարձանների նկատմամբ նրանց վերաբերմունքի մեջ: Նրանք սկսեցին «վերականգնման» աշխատանքներ, որոնք իրականում այլ նպատակներ ունեն, ինչպես նշում է Սամվել Կարապետյանը: Օրինակ Անիում քաղաքի զինանշանը փոփոխվել է. խաչի վրա հովազի քանդակի փոխարեն ուղղանկյան մեջ վերցված հովազ է միայն: Իրական զինանշանի լուսանկարը գոյություն ուներ, գրականության մեջ կար նաև նկարագրություն: «Թուրքերը որդեգրեցին այլափոխելու քաղաքականություն», - ասում է Սամվել Կարապետյանը: Նա պնդում է, որ «վերականգնելիս» հաշվի չեն առնում նաև գոյություն ունեցած ճարտարապետա-շինարարական հնարքները, փոփոխում են շարվածքը, հաճախ նաև արտաքին տեսքի հատվածներ:Սակայն Աղթամարի եկեղեցու դեպքում, մասնավոր թերությունները չհաշված, կարող ենք եկեղեցին փրկված համարել: Սամվել Կարապետյանի համոզմամբ ավելի լավ է հայկական եկեղեցիները մզկիթի վերածվեն, բայց պահպանվեն և իսպառ չոչնչանան:

No comments: