Monday, April 20, 2009

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ. ՊԱ՞Տ, ԹԵ ՃԵՂՔ

Եթե հետեւենք հարավկովկասյան երկրների եւ նրանց անմիջական հարեւանների՝ Թուրքիայի եւ Իրանի պատասխանատու անձանց եւ ատյանների գործողություններին, կարելի է համարձակ արձանագրել հետեւյալ հանգամանքը՝ ԱՄՆ նոր նախագահ Բարաք Օբաման ապրիլի 5-7 ժամանակահատվածում խառնել է մերձավորարեւելյան “փեթակը”: Վրաստանի տարածքում Ռուսաստանի գործողություններից կես տարի շոկի մեջ հայտնված տարածաշրջանի հասարակայնությունը միայն հիմա է գիտակցել այն հանգամանքը, որ քաղաքական աշխարհը շատ արագ շատ հեռուն է գնացել, իսկ ողջ աշխարհի համար ճակատագրական իրադարձությունները սկսում են ձեւավորվել նրա գլխավերեւում: Որոշ ուշացումով գիտակցվեց, որ բոլոր երկրները հայտնվում են ինչ որ նոր հոսանքների փաստի առաջ, որոնց իմաստը նրանց հասանելի է դառնում մեծ ուշացումով: Այդ տեսակետից ամենահետաքրքիրը ձեւավորվող հայ-թուրքական հարաբերության փաստի եւ բնույթի առիթով “եղբայրական” Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ սկսած լեզվակռիվն է եւ ծավալված խառնաշփոթը: Այն, որ կարող է գալ օրը, երբ Լեռնային Ղարաբաղի խնդիրը տարածաշրջանային հիմնական խնդրից կարող է վերածվել Թուրքիայի քաղաքականության երկրորդական հարցի, Ադրբեջանին եւ նրա հովանավորին կարող էր երեւալ ամենասարսափելի երազում: Եւ որ հայ-թուրքական հարաբերությանը կարող էր նման դեր տրվել համաշխարհային քաղաքականության մեջ, որի համեմատ կարելի էր մտածել ադրբեջանա-թուրքական հարաբերության մասին, ոչ մի կերպ չէր կարող կանխատեսել նաեւ Թուրքիան: Սակայն փաստը մնում է փաստ. տարածաշրջանի երկրներին առաջարկված է մտածել բոլորովին անսովոր բաների մասին: Եւ ողջ խնդիրը հենց այն է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը աշխարհում եւ տարածաշրջանում ծավալված հարաբերությունների նոր սխեմաներում դարձել է ոչ թե երկրորդական, այլ հակառակը՝ կենտրոնական եւ առանցքային ռազմավարական տեսակետից: Ինչպես վերջերս արտահայտվեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, “թեեւ դա համեմատաբար փոքր տարածք է, այն կարող է պատ կամ դարպաս դառնալ Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ”: “Պատ” բառն այս գնահատականի մեջ հնչեց ոչ այնքան խորհրդանշական, որքան էական աշխարհքաղաքական իմաստով: Ամենեւին պատահական չէ, որ ներկայում, ուշացած, բոլորը միասին որոշեցին փորձել հեռանալ այդ երկընտրանքից եւ փորձել մտածել ինչ որ ավելի դյուրամարս բան: Ադրբեջանի պաշտոնատարներն արագ մատնեցին իրենց անհանգստությունը: Անշուշտ, Ադրբեջանում հասկացան, որ ղարաբաղյան հարցը դուրս է բերվում հայ-թուրքական հարաբերության շրջանակից ոչ ամենեւին “տեղային” նկատարումներից, եւ, առավել եւս, ոչ Թուրքիայի կամքով: Նման որոշումը կարող էր լինել աշխարհքաղաքական նկատառումների արդյունք: Եւ այն կարող էր պարտադրված լինել Թուրքիային հակառակ նրա կամքի: Ընդ որում, հարցը կարող է վերաբերել ոչ այնքան բուն Ղարաբաղի հակամարտությանը, որքան տարածաշրջանում ուժերի հավասարակշռության ձեւավորման եւ երկրների տարբեր խմբերի քաղաքական դերերի տարանջատման աշխարհքաղաքական հեռանկարային ծրագրերին: Ամենեւին պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահը, որին այդպես էլ չկարողացան հրապուրել Թուրքիա, այդ առիթով հայտարարեց. “Մենք պատրաստ ենք ճշտումներ մտցնել մեր քաղաքականության մեջ եւ դա մեր իրավունքն է, եւ մենք կհասնենք Ադրբեջանի օգտին իրավիճակի փոփոխությանը, եւ դրա համար բոլոր մեթոդները լավ կլինեն”: Ադրբեջանի նախագահը, թերեւս, շուտ հասկացավ, թե դեպի ուր է ուղղվել միջազգային զարգացման վեկտորը եւ այդ հանգամանքն ինչ իրավիճակի առջեւ է դնելու իր երկրին: Ադրբեջանը տեղի ունեցողի մեջ վտանգ տեսավ “Թուրքիայի ու Ադրբեջանի եղբայրության եւ ընդհանրապես թյուրքական միասնության գաղափարի” քաղաքականությանը: Եւ խնդիրն ամենեւին էլ էթնո-քաղաքական առասպելների մեջ չէ: Ադրբեջանն անհանգստացավ տարածաշրջանում առաջադրված քաղաքական սխեմայի բավական որոշակի հեռանկարից: Դա նկատելի էր արդեն նրանից, որ ապրիլի 9-ին Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Արազ Ազիմովն անսպասելի հայտարարեց, թե խոսք չի կարող լինել Ադրբեջանի՝ օկուպացիայից ազատագրված տարածքներում երրորդ երկրների զինուժի տեղակայման մասին: Թվում է, ինչ կապ ունեն այստեղ արտասահմանյան զորքերը: Այն օրերին համաշխարհային առաջնորդները խոսում էին ինչից ասես, բայց ոչ Ղարաբաղի ու զորքերի մասին: Սակայն բանն էլ հենց այն է, որ հոտառությունը չդավաճանեց Ադրբեջանի ղեկավարությանը: Այնտեղ արագ հասկացան, որ ԱՄՆ եւ Ռուսաստանի աշխարհքաղաքական շահերին եւ նրանց նոր ծրագրերին Թուրքիայի համակերպման դեպքում Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հակամարտության գոտին կարող է դառնալ ոչ միայն աշխարհքաղաքական «պատ», այլեւ Ռուսաստանի ռազմաքաղաքական «վոտչինան»: Երեւում է, հենց այս հանգամանքն է ստիպել Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչին հիշել «իր» տարածքում զորքերի մասին: Եւ պետք է Ադրբեջանին արժանին հատուցել՝ դյուրըմբռնման իմաստով: Միայն համաշխարհային ֆինանսական ճգնաժամը չէր ապրիլի 2-ին Լոնդոնում հավաքել համաշխարհային առաջնորդներին: Եւ զուր չէր ԱՄՆ նախագահը մեկնել Թուրքիա եւ Իրաք: Թուրքիայի ղեկավարների հետ բանակցությունների միայն օրակարգը բավական էր հասկանալու, որ Թուրքիայի հետ լուրջ խոսակցություն է եղել: Հիշեցնենք, որ թուրքական ղեկավարության հետ Օբամայի հանդիպումների օրակարգում էին ռազմավարական գործընկերության հարցերը, իրավիճակը Աֆղանստանում, Իրաքում, Մերձավոր Արեւելքում, իրանական միջուկային ծրագիրը, Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման հեռանկարները, Կիպրոսի հարցի լուծումը, Քուրդիստանի բանվորական անջատողական կուսակցության դեմ համատեղ պայքարը, Անկարայի ինտեգրումը Եվրամիությանը: Իսկ եթե հաշվի առնենք նաեւ այն, որ ապրիլի 6-ին, ելույթ ունենալով թուրքական խորհրդարանում , ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ իր երկիրը դրական է վերաբերում Իսլամին եւ բարեկամական հարաբերությունների մեջ է մահմեդական աշխարհի հետ, կարելի է հասկանալ, թե ուր է ներքաշել Ամերիկան Թուրքիան: Հայ-թուրքական փոխհարաբերություններն առաջարկվել էին ոչ թե որպես բարի ցանկություն, այլ ռազմավարական նշանակության աշխարհքաղաքական սխեմայի առանցքային օղակ: Հասկանալի է, որ դրանում դիտվում է արմատական շրջադարձ աշխարհքաղաքական սահմանազատման եւ դաշնակցային հարաբերությունների խմբավորման մեջ: Ադրբեջանն իր երազանքներով ու խնդիրներով ամբողջովին գիտակցված դուրս է թողնվել առաջարկված սխեմայից: Նրա համար նախապատրաստել են դաշնակցության այլ ոլորտ: Ուզենան, թե ոչ տարածաշրջանի երկրները, համագործակցության մասին սովորական եւ ցանկալի պատկերացումներին ստիպված են հրաժեշտ տալ: Հայ-թուրքական հարաբերություններին վիճակված է բազա լինել ռազմավարական հարաբերությունների ապագա ուղղությունների համար: Հայաստանից Թուրքիա ապաշրջափակված երկաթուղին ավելի մեծ շանս ունի Վրաստանով ու Աբխազիայով հասնել Ռուսաստան, քան Ադրբեջանով: Կովկասը կարող է Հյուսիսի ու Հարավի միջեւ կրկնակի միջանցք ծառայել (Թուրքիա-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան մի կողմից, եւ Իրան-Ադրբեջան-Ռուսաստան՝ մյուս կողմից): Իսկ միջանցքները կարող են խաչվել միայն Ռուսաստանում եւ Իրանում: Այդպես էլ է լինում: Նման մետամորֆոզից չարժե զարմանալ: ԱՄՆ նախագահ Օբամայի Եվրոպական շրջագայությունը բավական պարզություն մտցրեց 2009 թ. մարտին քննարկվող ԱՄՆ եւ Ռուսաստանի հարաբերությունների “վերաբեռնման” թեմայի էության մեջ: Հենց այդ “վերաբեռնման” առաջարկի բովանդակությունը եւ գլոբալ էությունը դարձավ ժամանակակից քաղաքական աշխարհի գլխավոր ինտրիգը: Ռուսաստանին ԱՄՆ առաջարկների բովանդակությունը, ինչպես նաեւ միջոցառումների համալիրի էությունը, որին հյուսիսատլանտյան աշխարհը պատրաստ է գնալ ԱՄՆ առաջարկները Ռուսաստանի կողմից ընդունվելու դեպքում, թափանցիկ դարձան Եվրոպա կատարած Օբամայի այցի արդյունքում: Համենայնդեպս, պարզ դարձավ, որ քաղաքական աշխարհը որոշում ընդունեց հրաժարվել փոխգործակցության ձեւերից, որոնք այլեւս ունակ չեն ապահովել աշխարհի մասշտաբով կայունություն եւ անվտանգություն: Ապրիլի 2-ին ՆԱՏՕ-ն հայտարարեց, որ կանգնեցնում է ընդլայնումը դեպի արեւելք: Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների ներկայացուցիչները հակված են կարծել, որ “սառը պատերազմից” ի վեր ՆԱՏՕ-ի կայուն ընդլայնումը դեպի արեւելք, որոշ ժամանակ կանգ կառնի, եւ դաշինքը ուշադրությունը կկենտրոնացնի Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման վրա: ԱՄՆ եւ Ռուսաստանի նոր օրակարգի էությունն արձանագրվեց ապրիլի 1-ին Լոնդոնում երկու նախագահների հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության մեջ: 19 կետ պարունակող այդ հայտարարության մեջ ասվում էր. “Մենք՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ առաջնորդներս, պատրաստ ենք դուրս գալ “սառը պատերազմի” դարաշրջանի մտածողության շրջանակներից եւ նոր սկիզբ տալ մեր երկու երկրների միջեւ հարաբերություններին”: ԱՄՆ նման մտադրությունը չէր կարող կոնկրետ նպատակ չհետապնդել: Ռուսաստանն, անշուշտ, պետք է պատասխաներ մի շարք ռազմավարական կարեւորության առաջարկներին: Ինչում կարող էին արտահայտվել նման առաջարկները՝ երեւում է նույն այդ հայտարարությունից: Ըստ էության, ԱՄՆ եւ Ռուսաստանը խորացրել են փոխըմբռնումն այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպես Իրանի եւ Հյուսիսային Կորեայի միջուկային սպառնալիքն ու Աֆղանստանում ու Պակիստանում թալիբներին դիմակայելու անհրաժեշտությունը: ԱՄՆ Ռուսաստանին առաջարկել է գործակցություն Իրանի եւ ահաբեկության դեմ պայքարի հարցերում: Ապրիլի 5-ին ԱՄՆ նախագահը Պրահայում մի շարք հայտարարություններ արեց, որոնք բացահայտում են միջազգային առանցքային խնդիրներին ԱՄՆ նոր մոտեցումները: Նա նշեց, թե “Իրանի միջուկային ու հրթիռային զենքը սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանի, այլեւ ողջ աշխարհի համար: Եւ մենք պաշտպանություն ենք ստեղծում այդ սպառնալիքի համար: Իրանական միջուկային սպառնալիքը հանելու դեպքում անիմստ կդառնա ԱՄՆ հակահրթիռային համակարգի տեղակայումը Եվրոպայում”: Հակառակ դեպքում Իրանը “կարող է ավելի մեծացնել մեկուսացումը, ենթարկվել ճնշումների”: Ընդ որում, Օբաման հավաստեց, որ ԱՄՆ կաջակցի Իրանի միջուկային խաղաղ էներգետիկայի ծրագրերին միջազգային խիստ հսկողության ներքո: Մեկ այլ ռազմավարական կարեւոր հայտարարություն էր այն, որ Օբաման պաշտպանեց Եվրամիությանն անդամակցելու Թուրքիայի ձգտումը, նշելով, որ “Եթե Եվրամիությունը ընդուներ Թուրքիային, դրանով ուժեղ ազդանշան կտար մահմեդական աշխարհին”: Այս հայտարարությամբ սկիզբ դրվեց առաջարկների “երկրորդ սերիային”, որի ականատեսը աշխարհը դարձավ ապրիլի 6-7-ին Թուրքիայում: Պարզ է մի բան, որ ԱՄՆ իսկապես ցույց տվեց, որ իր վառոդամանը դատարկ չէ, գլխավորը, որ ԱՄՆ կարող է գնալ իր միջազգային ողջ ռազմավարության արմատական վերանայման: Նման հայտի հաջողության երաշխիքը նաեւ Ռուսաստանի՝ նոր հարաբերությունների պատրաստակամության մեջ էր: Արդեն Լոնդոնյան հանդիպման նախապատրաստական շրջանում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը The Washington Post-ի իր հոդվածում հասկացնել տվեց, որ “համոզված է, որ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները շատ բան կարող են առաջարկել աշխարհին, դրանով հանդերձ պահպանելով մեր հատուկ պաըասխանատվությունը համաշխարհային գործերում: …Ռուս-ամերիկյան հարաբերությունների բնույթը նշանակալի չափով որոշում է տրանսատլանտյան քաղաքականությունը, որի հիմքը կարող է դառնալ եռակողմ համագործակցությունը Եվրամիության, ԱՄՆ եւ Ռուսաստանի միջեւ”: Եթե Ռուսաստանն ու ԱՄՆ պատրաստակամություն են հայտնել այդպես արմատականորեն փոխել սեփական վերաբերմունքը միջազգային քաղաքականությանը, ապա Թուրքիային ինչ է մնում անել: Իրավիճակն, իհարկե, ուրախալի չէ Թուրքիայի համար: Համենայնդեպս, այդպես է թվում Թուրքիայի՝ սեփական դերի մասին ավանդական պատկերացումների տեսանկյունից: Կարելի է ենթադրել, որ նոր ռազմավարությունը՝ Իրանին ներգրավելու ռուս-ամերիկյան ռազմավարության մեջ, Թուրքիային առավելագույնս մեկուսացնում է արեւելյան ուղղությունից: Թուրքիային զսպելու ավելի լավ մեխանիզմ գոյություն չի կարող ունենալ, քան Ադրբեջանի հետ հակասությունները: Լեռնային Ղարաբաղը կարող է դառնալ այն քաղաքական արգելապատնեշը, որը կբաժանի Թուրքիայի ու Ադրբեջանի աշխարհքաղաքական “որմնախորշերը” տարածաշրջանում ուժերի նոր դասավորության մեջ: Ինչպես երեւում է, այս հանգամանքը լավ է հասկանում նաեւ Թուրքիան: Որպես խորհրդանշական երեւույթ էր այն, որ Թուրքիայի ու Հայաստանի բանակցության օրակարգից ժամերի ընթացքում դուրս մղվեց Ղարաբաղի խնդիրը: Իրադարձությունների նման շրջադարձ ոչ ոք չէր սպասում: Այդ պատճառով էլ, ինքն իրեն հանգստացնելով, Թուրքիան անցավ Ադրբեջանին: Արդեն ապրիլի 8-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարեց, թե դժվար է հաղթահարել հայ-թուրքական հարաբերությունների բարդությունները, քանի դեռ կարգավորված չեն Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները: Իսկ էլ ավելի կարեւորելու համար Էրդողանը հայտարարեց, թե հույս ունի, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը Հայաստանին օկուպանտ կճանաչի Լեռնային Ղարաբաղում եւ որոշում կընդունի առ այն, որ Հայաստանը հեռանա շրջանից: Բառերը բառեր, իսկ Թուրքիան ստիպված է ընտրել: Երկրորդ անգամ նրան ոչ ոք առաջարկ չի անի: Ինչպես հանգստացնի Ադրբեջանին՝ դա ոչ ոքի չի հետաքրքրում: Նույնիսկ Հայաստանը չի սպասում՝ Սերժ Սարգսյանը ցուցադրեց, որ իրեն քիչ է հետաքրքրում Թուրքիայի կարծիքը եւ մեկնեց Իրան: Իրանը ներկայում միջազգային քաղաքականության “տուզի դերում” է, այնտեղից կարելի է ջղայնացնել Թուրքիային: Էրդողանը չի հանդարտվում եւ առայժմ պնդում է՝ “Մենք Հայաստանի հետ վերջնական համաձայնություն չենք կնքի այնքան ժամանակ, մինչեւ չկարգավորվի Լեռնային Ղարաբաղի հարցը”: Իսկ իրական հույսը, թվում է, կապում է արդեն Ռուսաստանի հետ: Չէ որ Ռուսաստանը կասկածելի լռություն է պահում՝ դիտե, ինչ է կատարվում շուրջը: Չէ որ նա երազել չէր կարող, որ արեւմտյան աշխարհի թույլտվությամբ կարող է “լվանալ ոտքերը Պարսից ծոցում”: Իսկ հիմա՝ խնդրեմ: Ընդ որում, եվրատլանտյան դաշինքի հետ իրավահավասար համագործակցության շրջանակներում: Եւ այս ամենն այն պատճառով, որ համաշխարհային շահերի ծանրության կենտրոնը տեղաշարժվում է դեպի Արեւելք, Կենտրոնական Ասիա եւ Աֆղանստան: Շուտով Իրանն էլ կորոշակիացնի իր դիրքորոշումը: Նրա համար բոլոր պայմանները ստեղծված են: Առայժմ, իհարկե, այս երկիրը կասկածանքով է նայում իր շուրջ ծավալվող խարդավանքներին: Սակայն այստեղից էլ են ստացվում դիրքորոշումը վերանայելու պատրաստակամության ազդակներ: Օրինակ, Իրանի ներկայացուցիչները հայտարարել են, որ պատրաստ են իրականացնել Պարսկական հոսք նոր գազամուղի նախագիծը Իրաքի ու Սիրիայի տարածքով դեպի միջերկրածովյան շրջան, ձեռնոց նետելով Նաբուկո նախագծին: Ընդ որում, իրանցիները հանգիստ խոսում են ամերիկյան հսկողության գոտու՝ Իրաքի մասին: Նույնքան հանգիստ Իրանի նախագահ Ահմադինեժադը դիվանագիտություն սկսեց Ղազախստանի հետ տրանսպորտային ու եւ էներգետիկ հաղորդակցություններ կառուցելու երկու երկրների ու միջեւ, եւ նաեւէ դեպի աշխարհի բոլոր կողմերը: Սակայն ավելի հատկանշական է մեկ այլ բան՝ ակտիվացել են Իրան-Ադրբեջան երկաթուղի կառուցելու մասին խոսակցությունները: Այս նախագիծը՝ Իրանի Կազվին քաղաքից ադրբեջանական Աստարա, ենթադրում է ռուսական բեռների տրանզիտի հնարավորություն Ադրբեջանի տարածքով: Ռուսաստանն այս նախագիծն ավելի շահավետ համարեց, քան Կարս-Ախալքալաքը: Եւ այստեղ էլ չկա որեւէ “անհարմար” բան. Այս ֆոնին ապրիլի 3-ին Երեւանում կնքվեց Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման մասին հուշագիրը: Դեռ երկար են ընտելանալու փաստի առաջ կանգնած տարածաշրջանի երկրները: Իսկ Լեռնային Ղարաբաղում անվտանգության երաշխավորը՝ ԼՂՀ պաշտպանության բանակը, անցկացնում է իր զորավարժությունը: Ինչպես ասում են, բոլորը պատրաստ են իրադարձությունների ցանկացած շրջադարձի: ՄԱՆՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ավագ փորձագետ

No comments: