
Lragir 29-4-2009- Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, թե ղարաբաղյան կարգավորման կողմերի դիրքորոշումները քիչ ինչ մոտեցել են: Երեւանում տված մամուլի ասուլիսում նրանք հիշեցրել են Ալիեւի “աննախադեպ” հայտարարությունների մասին, որ արվել էին ապրիլի 20-ին Մոսկվայում, ակնարկելով, որ “մերձեցումը” տեղի է ունեցել ադրբեջանական կողմի զիջումների հաշվին: Թերեւս, նրանք նույնիսկ զարմացան, որ հայ լրագրողները հարց չտվեցին Ալիեւի հայտարարությունների կապակցությամբ, որոնք համանախագահները համարում են շրջադարձային: Գուցե մամուլի ասուլիս էլ հրավիրել էին, որպեսզի խոսեն Ադրբեջանի “զիջումների» մասին:
Հիշեցնենք, որ Մոսկվայում հարցազրույց տալով, Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի դիրքորոշման մեջ «իր արտահայտությունն է գտնում եւ այն մարդկանց անվտանգությունը, ովքեր ներկայում ապրում են եւ պետք է ապրեն այնտեղ, եւ Լեռնային Ղարաբաղի տեղական ինքնավարության հարցը, եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման հարցը»: «Մենք հասկանում ենք հայկական կողմի համար Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ցամաքային կապի անհրաժեշտությունը: Տվյալ դեպքում մենք խնդիր չենք տեսնում: Եւ հարցերը, կապված Լաչինի միջանցքի հետ, արդյունավետ կարող են լուծվել», ավելացրել է Ալիեւը:
Փաստորեն, համանախագահներն ընդունել են, որ «համոզել են» Իլհամ Ալիեւին հակվել այն սկզբունքներին, որ առաջարկել են միջնորդները: Ամերիկացի համանախագահ Բրայզայի խոսքով, կարգավորումն այժմ պետք է ընթանա Հելսինկիի եզրափակիչ ակտի երեք սկզբունքների հիման վրա՝ տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք եւ ուժի չկիրառում: Ճիշտ է, մամուլի ասուլիսի ժամանակ համանախագահները չհիշատակեցին Իլհամ Ալիեւի երրորդ «զիջման»՝ Լաչինի մասին: Ինչպես հայտնի է, ավելի վաղ համանախագահները հայտարարել էին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հիմնականում համաձայնության են հասել ղարաբաղյան կարգավորման սկզբունքների շուրջ, մնում են միայն մի քանի հարցեր, մասնավորապես Լաչինի խնդիրը: Հիմա Ալիեւը հայտարարում է, թե պատրաստ է «զիջել» նաեւ Լաչինը, ըստ այդմ՝ չհամաձայնեցված հարցեր չեն մնացել: Եւ հենց դրանով է պայմանավորված միջնորդների լավատեսությունը, ովքեր հայտարարեցին, որ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի մայիսի 7-ին Պրահայում կայանալիք հանդիպումը կարող է «չափազանց կառուցողական» լինել:
Հայաստանի իշխանությունը հայտարարում է, թե տեղի ունեցող գործընթացները ինչպես հայ-թուրքական երկխոսության, այնպես էլ կարաբաղյան կարգավորման մեջ համապատասխանում են Հայաստանի շահին: «Ամեն ինչ գնում է այնպես, ինչպես մենք կուզեինք», պնդում է Էդվարդ Նալբանդյանը: Հարցն այն է, թե ինչ է ուզում Նալբանդյանը եւ ինչ է պետք, ասենք, Ղարաբաղի ժողովրդին: Իսկ Ղարաբաղի ժողովուրդը պնդում է, որ Իլհամ Ալիեւի անվտանգության «երաշխիքները» չեն կարող լուրջ ընդունվել: «Եթե Բեռնար Ֆասիեն հավատում է այդ երաշխիքներին, մենք առաջարկում ենք նրան վերաբնակվել «անվտանգ» Ղարաբաղում իր ընտանիքով եւ երեխաներով: Մենք կարող ենք նրան նաեւ լավ պաշտոն առաջարկել ԼՂՀ արտգործնախարարությունում, հաշվի առնելով նրա փորձը», փոխանցել են մեզ ԼՂՀ ԱԳՆ-ից: Ի դեպ, Բեռնար Ֆասիեն կարող է վերաբնակվել Լաչինում, որի անվտանգությունը նույնպես, թերեւս, հուսալի կապահովվի Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից:
Այն մասին, որ միջնորդների առաջարկած «մադրիդյան սկզբունքները» հակասում են Ղարաբաղի շահերին, հայտարարել են ինչպես պաշտոնատարները, այնպես էլ ԼՂՀ քաղաքական կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները: Ավելին, ի տարբերություն Հայաստանի, որտեղ ՀՅԴ դեմ արտահայտվեց իշխանության քաղաքականությանը հայ-թուրքական եւ ղարաբաղյան կարգավորման հարցում, Ղարաբաղի դաշնակցականները խնդիրներ չունեն ԼՂՀ իշխանության հետ: Նրանք պատրաստվում են պաշտպանել ազգային շահերը միասին: Եւ սթափ են գնահատում տեղի ունեցողը, չընկնելով Հայաստանի իշխանության հայտարարությունների էյֆորիայի մեջ, որ պնդում են, թե ամեն ինչ լավ է ընթանում: Ինչ լավ բան կա այն բանի մեջ, որ Ղարաբաղին կարգավիճակ տրվի այնպիսի սահմաններում, որոնք չեն ապահովում ժողովրդի նորմալ կենսագործունեությունն ու անվտանգությունը: Պետք է քննարկել դա, ոչ թե զբաղվել անիմաստ քննարկումներով այն մասին, թե արդյոք ղարաբաղյան կարգավորումը հայ-թուրքական հարաբերության նախապայման էր: Ի՞նչ տարբերություն:
ՆԱՆՈ ԱՐՂՈՒԹՅԱՆ
No comments:
Post a Comment