
“Հայկական ժամանակ” եվ “Չորրորդ իշխանություն” օրաթերթերը ապրիլի 7-ին տեղեկություն էին հրապարակել այն մասին, որ Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի որդին եւ Աբրահամյանի եղբոր, նախկին պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանի որդին դարձել են աղմկոտ մի պատմության նախաձեռնող եւ մասնակից, հրազենի օգտագործմամբ: Նրանք կրակել են Արտաշատ քաղաքի տաքսի ծառայություններից մեկի տիրոջ տան վրա, մինչ այդ այրելով նրա ծառայության երկու մեքենա, ինչից հետո նախ տերն է եկել կրակել, իսկ հետո էլ կրակելու են գնացել կրտսեր Աբրահամյանները:
Կասկած չկա, որ այդ միջադեպի մասնակից Աբրահամյանները մնալու են անպատիժ, կամ լավագույն դեպքում հայրերը նրանց կպատժեն մի քանի, ասենք երկուսից երեք ժամով զրկելով զենք կրելու իրավունքից: Սակայն քիչ հավանական է նույնիսկ այն, որ հայրերն ընդունեն իրենց որդիների մեղքը: Ամենայն հավանականությամբ կհայտարարվի հերթական անգամ, որ տեղեկությունը, որ հրապարակվել է, “դեղին” մամուլի հերթական ստահոդ լուրն է: Եթե ռազմարվեստում կանաչն է համարվում պաշտպանական գույն, ապա հայոց կառավարման արվեստում կարծես թե պաշտպանական գույն է դառնում դեղինը: Այսինքն, իշխանությունը իր անպարկեշտ վարքի մասին ցանկացած հրապարակում որակում է “դեղին” մամուլի հորինվածք եւ անցնում է առաջ:
Սակայն, եթե այդուամենայնիվ “դեղին” մամուլի հրապարակած փաստը լինում է անհերքելի, ապա իշխանությունն անցնում է պահեստային տարբերակին: Այսինքն, անմիջապես հայտարարվում է, որ դեպքը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա: Օրինակ, տվյալ պարագայում ոչ միայն կարելի է այդպես ասել, այլ նույնիսկ կարելի է այդ վարկածով արդարացնել Աբրահամյանների որդիներին, ներկայացնելով գործն այնպես, որ նրանք պարզապես փորձել են պետության շահը պաշտպանել եւ դրա համար նույնիսկ վտանգել են իրենց կյանքը: Բանն այն է, որ իրավապահները կարող են դեպքը ներկայացնել այնպես, բնականաբար հաշվի առնելով, որ գործ ունեն Աբրահամյանների հետ, թե իբր տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, եթե ոչ անհատ տաքսիստների խնդրի շարունակություն:
Կարելի է մոտավորապես գրել վարկածի սցենարային նախնական պլանը. “Աբրահամյանները տեղեկություն են ստացել, որ Արտաշատի տաքսի ծառայություններից մեկում գործում են մեքենաներ, որոնք չունեն դեղին պետհամարանիշ: Ելնելով այն իրողությունից, որ հանրապետությունը գտնվում է տնտեսական ճգնաժամի պայմաններում եւ ամեն մի լուման բյուջեի համար ունի մեծ նշանակություն, Աբրահամյանները փորձել են տաքսի սերվիսին ներշնչել քաղաքացիական բարձր գիտակցություն եւ հորդորել են վճարել բոլոր հարկերը: Սակայն տաքսի ծառայությունն անհիմն պատճառաբանություններով հրաժարվել է հարկային դաշտ մտնելուց: Մտավախություն ունենալով, որ օրինակը կարող է լինել վարակիչ, Աբրահամյանները ձեռնամուխ են եղել տաքսի ծառայությունը հարկային դաշտ բերելուն, ինչի համար էլ առաջացել է հրազեն օգտագործելու անհրաժեշտություն”:
Եթե այդ վարկածը դրվի շրջանառության մեջ, ապա կարելի է հետո նույնիսկ սահմանել դատարանով, որ պետությունը պետք է Աբրահամյանների կրակած փամփուշտները փոխհատուցի, քանի որ նրանք փաստորեն սեփական փամփուշտների հաշվին փորձել են համալրել պետական բյուջեն: Կասկածից վեր է սակայն, որ Աբրահամյանների ընտանիքը կհրաժարվի այդ փոխհատուցումից: Իսկ եթե որեւէ մեկը հարցնի, թե ինչու իրավապահներին կամ հարկային ծառայությանը ահազանգելու փոխարեն Աբրահամյաններն իրենք են փորձել հարկային դաշտ բերել տաքսի ծառայությանը, ապա պատասխանը թերեւս մեծ ջանք չի պահանջի. “Քաջ գիտակցելով, որ իրավապահներին զանգահարելու դեպքում կամ հարկային ծառայությանն ահազանգելու դեպքում պետությանը պատճառվելու է լրացուցիչ հոգս, գուցե նաեւ առաջանալու է պետական ֆինանսների ծախսի անհրաժեշտություն` բենզին դեպքի վայր հասնելու եւ հետ դառնալու համար, Աբրահամյանները որոշել են պետական կառավարման համակարգը չծանրաբեռնել ավելորդ հոգսով եւ իրենց վրա են վերցրել ստվերի դեմ պայքարի ծանր առաքելությունը”:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
No comments:
Post a Comment