
Էներգետիկ համագործակցությանը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցերը հինգշաբթի «Զավիդովո» մերձմոսկովյան նստավայրում կքննարկեն Ռուսաստանի և Հայաստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևն ու Սերժ Սարգսյանը։
Ինչպես «ՌԻԱ Նովոստիին» է պատմել Կրեմլի աղբյուրը, «երկու պետությունների ղեկավարների միջև կայանալիք հանդիպման օրակարգում ռուս-հայկական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ է, մասնավորապես, գլոբալ ֆինանսական ճգնաժամի բացասական հետևանքների հաղթահարման միջոցները, Անդրկովկասում տիրող իրավիճակը, մի շարք հրատապ միջազգային խնդիրներ»։
ԷՆԵՐԳԵՏԻԿԱ
«Մեծ ուշադրության կարժանանան էներգետիկ համագործակցության հարցերը», - ասել է Կրեմլի աղբյուրը։
Նա հիշեցրել է, որ «ռուսական տնտեսվարող սուբյեկտները ողջ ծավալով ապահովում են Հայաստանի բնական գազի և միջուկային վառելիքի պահանջները, հաջողությամբ իրագործում են համատեղ գազաէներգետիկ նախագծեր»։
Հայաստանում ակտիվորեն աշխատում են «Գազպրոմ» ԲԲԸ-ն, «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ն, «ՌԵՈՒ» ԲԲԸ-ն, «Բանկ ՎՏԲ» ԲԲԸ-ն, «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիան, և այլ խոշոր ռուսական ընկերություններ։
«Փոխգործակցության հեռանկարային ուղղությունների թվում են Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի համալիր կատարելագործումը՝ «ՌԵՈՒ» ԲԲԸ-ի գործարկմամբ», - տեղեկացրել է Կրեմլի ներկայացուցիչը։
2008 թ.-ի վերջին Հայկական երկաթուղին կոնցեսիոն կառավարման է հանձնվել «ՌԵՈՒ» ԲԲԸ-ի դուստր ընկերությանը՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին։
Աղբյուրի խոսքերով, «շարունակվում է Կովկաս-Փոթի-Կովկաս» երկաթուղային լաստանավային միջանցքի ներուժի աճմանն ուղղված աշխատանքը»։
«Բանակցությունների կենտրոնում կլինեն առևտրատնտեսական ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Ինչպես նշել է նա, Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում Հայաստանի արտաքին-տնտեսական և ներդրումային գործընկերների շրջանում։ 2008թ.-ին ապրանքաշրջանառությունը կազմել է 899,9 միլիոն դոլար (2007թ.-ի համեմատ՝ աճը կազմել է 9,5 տոկոս)։
Հայաստանի տնտեսությունում կուտակված ռուսական ներդրումների ծավալը գերազանցել է 1,8 միլիարդ դոլարը։ Դրանց կիրառման հիմնական ոլորտներն են հայկական տնտեսության էներգետիկ, բանկային, լեռնամետաղագործական և շինարարական հատվածները, կապի ոլորտները։
Ռուսական ընկերությունների ամբողջական կամ մասնակի սեփականությունն են համարվում Հայաստանի վառելիքաէներգետիկ համալիրների մի շարք կարևոր օբյեկտներ՝ «ՀայՌուսգազարդ» ընկերությունը, «Հրազդանի ՋԷԿ»-ը, «Հրազդան-Սևան ՋԷԿ»-ը, «Բաշխիչ ցանցերը», Հայկական ԱԷԿ-ը։ Այս ընկերությունները գազի և էլեկտրաէներգիայի կայուն մատակարարում են ապահովում հանրապետության արդյունաբերական, գյուղատնտեսական և սոցիալական հատվածի օբյեկտներին։
Ռուսաստանը նաև Երևանին 500 մլն դոլարի վարկ է տրամադրում՝ Հայաստանի տնտեսության վրա ֆինանսական ճգնաժամի բացասական ազդեցությունը մեղմելու նպատակով։ Այս որոշման մասին հայտարարվել է այս տարվա փետրվարին Մոսկվայում երկու երկրների վարչապետների միջև տեղի ունեցած բանակցությունների ժամանակ։
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ
Պետությունների ղեկավարները կքննարկեն նաև ղարաբաղյան խնդիրը, տեղեկացրել է աղբյուրը։
«Որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկիր՝ Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը անփոփոխ է. Մոսկվան մտադիր է հետագայում ևս անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Բաքվին և Երևանին փոխընդունելի որոշումներ փնտրելու գործում», - ընդգծել է գործակալության զրուցակիցը։
Նախորդ շաբաթ Մոսկվայում Մեդվեդևը հանդիպել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ում հետ ևս քննարկել է Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Բանակցություններից հետո Ալիևը մամուլի ասուլիսի ժամանակ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցի շուրջ դիրքորոշումները մոտեցնելու փորձերի համար։
Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես էր եկել Պրահայում մայիսի 7-ին Ալիևի և Սարգսյանի հանդիպումն անցկացնելու առաջարկությամբ։ Սարգսյանը հայտարարել է, որ նման բանակցություններին դեմ չէ, սակայն նա չի հաստատել, որ հանդիպումը կանցկացվի հենց այդ ժամանակ և հենց այդ վայրում։
Մեդվեդևի և Սարգսյանի կայանալիք հանդիպման ժամանակ սպասվում է նաև, որ նախագահները կարծիքներ կփոխանակեն ԱՊՀ տարածքում ինտեգրման ձևաչափերի շրջանակներում բազմապլանային փոխգործակցության վերաբերյալ։
«Հաշվի առնելով այն, որ Հայաստանը նախագահում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ), առանձնահատուկ ուշադրության են արժանանալու այդ Կազմակերպության շրջանակներում դաշնակցային փոխգործակցության մակարդակաի բարձրացման հարցերը», - ասել է Կրեմլի աղբյուրը։
ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը։
No comments:
Post a Comment