Thursday, April 30, 2009

Թուրք քաղաքական գործիչների շրջանում դիրքորոշումների մեղմացում է նկատվում Հայաստանի նկատմամբ. թուրք փորձագետ

HayInfo 29-4-2009- Թուրք քաղաքական գործիչների և թուրքական հասարակությունում դիրքորոշման մեղմացում է նկատվում Հայաստանի նկատմամբ, չորեքշաբթի Երևանում հայտարարեց Իսիկ համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, SETA (Ստամբուլ-Անկարա) հետազոտական կենտրոնի աշխատակից Բյուլենտ Արասը։«Հայաստանը նոր նշանակություն է ստացել թուրք քաղաքագետների մտքում այնպիսի փխրուն տարածաշրջանում, ինչպիսին Հարավային Կովկասն է։ Դա խթան է ստեղծում երկկողմ հարաբերությունների բարելավման համար»,- ասաց փորձագետը «Կովկաս-2008» միջազգային համաժողովի ընթացքում։Ըստ նրա՝ թուրք քաղաքական գործիչները «փորձում են ձևավորել անխնդիր տարածաշրջան, ապահովել Կովկասի կայունությունը տարածաշրջանային պլատֆորմ ստեղծելու ճանապարհով»։Արասը հիշեցրեց, որ թուրքական արտաքին քաղաքականության ճարտարապետ, պրոֆեսոր Ահմեդ Դավութօղլուն ձևակերպել է «զրո խնդիր հարևանների հետ» նոր թուրքական քաղաքականությունը, որը ինչ-որ տեղ «եվրոպական հարևանության» քաղաքականության նմանակն է։ Արասի խոսքերով՝ այդ քաղաքականության շրջանակներում Թուրքիան լուծել է իր խնդիրները Սիրիայի, Իրանի, Ռուսաստանի, Բուլղարիայի հետ։«Մնացել է երկու բացառություն՝ Հայաստանն ու Կիպրոսի հարցը։ Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացումն անհրաժեշտ է, որպեսզի այդ քաղաքականությունն ընդհանուր առմամբ աշխատի, և հենց այդ խնդիրը լուծված լինի, Թուրքիան կցուցադրի Եվրամիությանը, որ ընդունակ է համահունչ դարձնել իր քաղաքականությունը եվրոպական քաղաքականության նպատակներին»,- ասաց Արասը՝ միջբերելով Դավութօղլուի խոսքերն այն մասին, որ Թուրքիան կամենում է հնարավորինս լավ հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ, և որ թուրքական կողմը ի դեմս Հայաստանի չի տեսնում «ոչ թշնամի, ոչ սպառնալիք»։Միաժամանակ թուրք փորձագետն ասաց, որ վրացական հաղորդակցությունների խոցելիությունը մտահոգում է Անկարային խողովակատարների անվտանգության և տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից, և ղարաբաղյան հակամարտության կարգավորումը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում նոր խողովակատարներ կառուցելու համար։

No comments: