Thursday, April 23, 2009

Ռիչարդ Հովհաննիսյան. «Օբամայի հայտարարությունը նախորդ նախագահներից ավելի ուժեղ կլինի»

Tert.am.22-4-2009- «Հույս ունեմ, որ նախագահ Օբաման իր խոստումը կկատարի (նկատի ունի, որ ապրիլի 24-ի ելույթում կօգտագործի ցեղասպանություն բառը - հեղ)։ Գուցե հարյուր տոկոսով և բացահայտորեն չխոսի, բայց ինձ թվում է, որ նախորդ նախագահներից ավելի ուժեղ հայտարարություն կանի, դա է իմ կարծիքը։ Գուցե դա մեզ 100 տոկոսով չբավարարի, որովհետև մենք ուզում ենք ավելի շեշտակի։ Բայց անգամ եթե այս տարի չէ, հաջորդ տարի հուսամ, որ անպայման կասի»,- այսօր «Դե ֆակտո» մամուլի ակումբում հայտարարել է Կալիֆորնիայի համալսարանի արդի հայոց պատմության ամբիոնի ղեկավար, պրոֆեսոր, Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ռիչարդ Հովհաննիսյանը, ով «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի հայրն է։ Պատմաբանը չի բացառել, որ այս ապրիլի 24-ի նախօրեին ևս ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վրա ճնշումներ կլինեն Պենտագոնի և ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից, ինչը եղել է նաև նախորդ տարիներին։ Ռիչարդ Հովհաննիսյանն ասել է, որ Թուրքիայի այն խաղաքարտը, թե ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կխոչընդոտի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, միշտ էլ խաղացվել է ու բավական հաջողություն է բերել։ «Թուրքիայի քաղաքականությունը ճկուն է։ Այդ ճկունությունը պարզունակ է, բայց կանցնի»,- նկատել է նա։ Ռիչարդ Հովհաննիսյանը նշել է, որ եթե անգամ Օբաման չճանաչի Հայոց ցեղասպանությունն այս ապրիլքսանչորսյան ելույթում, դա մեծ ողբերգություն չէ։ Նախ, ըստ Հովհաննիսյանի, նախագահը դա կանի հաջորդ տարիներին, հետո էլ՝ ճանաչել-չճանաչելը, ըստ նրա, քաղաքական գործոն է, և ոչ թե պատմական, քանի որ որևէ մեկը չի կասկածում, որ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանություն։

No comments: