
HayInfo.20-4-2009- Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանի այցը Հայաստան պայմանավորված է Թուրքիայի վրա միջազգային ճնշմամբ, կարծում է ՀՅԴ-ից ՀՀ ԱԺ պատգամավոր Արա Նռանյանը։Այդ մասին հաղորդում է “Նովոստի-Արմենիան“:
Բաբաջանը գտնվում էր Հայաստանում ապրիլի 15-16-ը՝ Երևանում անցկացվող ՍԾՏՀ անդամ-երկրների ԱԳ նախարարների խորհրդի 20-րդ նիստին մասնակցելու նպատակով։
«Անկարան տեսավ, որ իրադարձությունները զարգանում են իր համար ոչ ցանկալի սցենարով, և որոշ չափով հողը թուրքական դիվանագիտության ոտքերի տակից գնում է», - երկուշաբթի լրագրողներին ասաց Նռանյանը։
Նա կարծում է, որ սառը պատերազմից ի վեր Թուրքիայի դերը միայն թուլացել է, իսկ Խորհրդային Միության փլուզումն ու նորանկախ պետությունների ձևավորումը, ԱՄՆ-ի ներխուժումը տարածաշրջան՝ մի շարք երկրներում սեփական ազդեցության մեծացման օգնությամբ, միայն թուլացրեցին Թուրքիայի դերը տարածաշրջանում։
Նռանյանի կարծիքով՝ դա է գլխավոր պատճառը, որ Թուրքիայի ԱԳ նախարարն այցելեց Հայաստան և հանդիպեց հանրապետության նախագահի հետ՝ չնայած նախնական այն հայտարարությանը, որ ինքը չի գա։
Նռանյանը նշեց, որ Բաբաջանի այցը նաև պայմանավորված է հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի վրա որոշակի ճնշումով։
Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները՝ Թուրքիայի առաջ քաշած նախապայմանների պատճառով։ Մասնավորապես, Թուրքիան Հայաստանից պահանջում է հրաժարվել հայոց Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման գործընթացից։
Թուրքիան նաև ադրբեջանամետ քաղաքականություն է վարում ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործում։
Հայ-թուրքական սահմանը փակ է 1993թ.-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։
Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։-
No comments:
Post a Comment