
«Ազատություն» 6-4-2009- Ազգային ժողովի այսօրվա նիստում ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները կրկին բարձրաձայնեցին Ազգային ժողովի` անցած տարի ընդունած որոշմամբ 4 պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու որոշումը վերանայելու հարցը:
«7-ի գործով» մեղադրվող եւ ներկայումս անազատության մեջ գտնվող Ազգային ժողովի պատգամավորներ Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը եւ Մյասնիկ Մալխասյանը անցած ամիս դիմում էին ներկայացրել` պահանջելով խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրել եւ վերանայել Ազգային ժողովի 2008 թվականի մարտի 4-ի որոշումը իրենց պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ: Այդ որոշմամբ անձեռնմխելիությունից զրկվել էր նաեւ Խաչատուր Սուքիասյանը, ով ներկայումս հետախուզման մեջ է:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավորները հարց ուղղեցին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին, թե ինչու հարցը չի օրակարգ մտել:
«Տեսնելով, որ մեր ընդունած որոշման հիմքը այլեւս գոյություն չունի, ինչո՞ւ չենք ուզում անդրադառնալ», - ասաց ընդդիմադիր խմբակցության պատգամավորներից Լարիսա Ալավերդյանը:
«Օրենքները փոխվել են.ուժը կորցրած է համարվել 225 հոդվածի 3-րդ մասը, 300 հոդվածը ամբողջովին ենթարկվել է փոփոխության», - ասաց Զարուհի Փոստանջյանը` շարունակելով. - «Հետեւաբար, այն որոշումը, որ ընդունվեց մեկ տարի առաջ, որով անձեռնմխելիությունից զրկվեցին մեր գործընկերները, այլեւս պետք է գոյություն չունենա, եւ Ազգային ժողովը իրավասու է ընդունել որոշում, որով կարող է ուժը կորցրած ճանաչել իր նախկին որոշումը»:
Ի պատասխան պատգամավորների բոլոր հարցադրումներին, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը արձագանքեց, թե խորհրդարանը քայլը կատարել է` փոփոխել է Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածները:
«Այսօր դատական պրոցես է գնում, եւ մենք այլեւ միջամտելու, իմ կարծիքով, ցանկություն եւ օրենքի թույլտվություն չունենք: Դա դատական մարմինների գործն է: Ես առաջարկում եմ եւ հորդորում եմ իմ գործընկեր պատգամավորներին, որպեսզի մենք դատական պրոցեսի ավարտից հետո փորձենք նախագահին առաջարկել այդ համաներման խնդիրը», - ասաց Ազգային ժողովի նախագահը:
Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը, ում պաշտոնավարման օրոք է խորհրդարանը բավարարել պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին գլխավոր դատախազի միջնորդությունը, այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Իմ կարծիքով, Ազգային ժողովը ազատ է ցանկացած օրենք կամ որոշում ընդունելու, որը չի հակասում երկրի Սահմանադրությանը»:
Հարցին, թե կարող է Ազգային ժողովը չեղյալ համարել նախկին որոշումը, Թորոսյանը արձագանքեց. - «Կարծում եմ, Ազգային ժողովը միշտ էլ կարող է իր ցանկացած որոշում չեղյալ համարել»:
Կարինե Քալանթարյան
No comments:
Post a Comment