
«Ազատություն» 6-4-2009- Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը տնտեսական, քաղաքական եւ ռազմավարական առումներով «պարզապես անվիճելի» է համարում Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման կարեւորությունը:
Երկաթուղու շինարարության վերաբերյալ հուշագիրը ստորագրվելու է երկու երկրների տրանսպորտի նախարարների կողմից այս ամիս ավելի ուշ` նախագահ Սերժ Սարգսյանի Իրան կատարելիք այցի շրջանակներում: Հուշագիրը նախաստորագրվել էր անցած ուրբաթ Երեւանում:
«Երկաթուղու շինարարությունը նախնական էքսպերտային գնահատականների համաձայն, կարող է տեւել 4-5 տարի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց նախարարը: - «Գումարային արտահայտությունը նախագծի դեռեւս խիստ նախնական է: Վերջնական թիվը պարզ կլինի նախահաշիվը կազմելուց հետո»:
Նախաստորագրված հուշագրով երկաթուղու շինարարությունը գնահատվել է 1 միլիարդ 200 միլիոն դոլար: Գլոբալ ֆինանսական ճգնաժամի պայմաններում Սեւ ծովի եւ Պարսից ծոցի նավահանգիստները իրար կապող երկաթուղու կառուցմանը, ըստ նախարարի, ֆինանսական մասնակցություն կարող են ունենալ նաեւ Ռուսաստանը, Չինաստանը, այլ երկրներ: Նախագծի իրականացմանը մասնակցելու վերաբերյալ շահագրգռվածություն են հայտնել նաեւ Զարգացման ասիական բանկը, Համաշխարհային բանկը, այլ ֆինանսական կառույցներ:
«Կան մի շարք շահագրգռված կողմեր, որոնք պատրաստ են այս նախագծին մասնակցել: Փորձը ցույց է տալիս, որ նման ճգնաժամային իրավիճակներում ներդրումներ են կատարվում հենց ենթակառուցվածքների զարգացման բնագավառներում», - ասաց Գուրգեն Սարգսյանը` հավելելով, որ նախագծի իրականացման արդյունքում Հայաստանը ոչ միայն կդադարի տրանսպորտային փակուղի լինելուց, այլեւ ապագայում կարող է տարբեր ուղղություններով տարանցիկ բեռնափոխադրման կարեւոր հանգույց դառնալ:
Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարի համոզմամբ, Իրան-Հայաստան կառուցվելիք երկաթուղին իր նշանակությունը չի կորցնի նաեւ Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում. - «Կարս - Գյումրի երկաթուղին վերականգնելու խնդիրը դրված է որպես ավելի շուտ դեպի հյուսիս գնացող առանցք, բայց մենք խոսում ենք դեպի հարավ-արեւմուտք գնացող առանցքի մասին` դեպի ասիական երկրներ... Սա, մի կողմից, Եվրոպան կապում է Ասիայի հետ` որպես արեւմուտք - արեւելք, մյուս կողմից` հարավ- հյուսիս, դեպի Ռուսաստան: Այնպես որ, բոլոր ուղղություններով այս երկաթգիծը իրենից հետաքրքրություն է ներկայացնում»:
Նախագծով երկաթուղու երկարությունը կլինի մոտ 470 կիլոմետր, որից 60 կիլոմետրը` Իրանի տարածքում, իսկ 410 կիլոմետրը` Հայաստանի: Թեեւ այս թվերն էլ վերջնական չեն եւ դեռ վերանայվելու են երկու երկրների տրանսպորտի փոխնախարարների մակարդակով ստեղծված աշխատանքային խմբի կողմից միջոցառումների իրականացման երրորդ` ամենաօպտիմալ ուղղության ընտրության եւ շինարարության իրականացման փուլում:
Պատասխանելով Հայաստանի հարավում` Սյունիքում, բարդ ռելիեֆի պայմաններում երկաթուղու շինարարության հետ կապված հնարավոր դժվարությունների վերաբերյալ հարցին, Գուրգեն Սարգսյանը նշեց, թե Իրանի հյուսիսային շրջանների ռելիեֆը նույնքան բարդ է, սակայն իրանական կողմը համապատասխան փորձ ունի:
Ռուբեն Մելոյան
No comments:
Post a Comment