Wednesday, April 8, 2009

Րաֆֆի Հովհաննիսյան. «Մտահոգություն եմ արտահայտում եւ ահազանգ հնչեցնում»

«Ազատություն» 7-4-2009- Հայաստանի առաջին արտգործնախարար, Ազգային ժողովում ներկայացված միակ ընդդիմադիր ուժի` «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, ողջունելով հանդերձ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ «միջպետական հարաբերությունների հիմնադրմանը, ողջ պատմության ընթացքում երկու երկրների միջեւ առաջին միջպետական համաձայնագրի ստորագրմանը» միտված բոլոր շփումներ, միաժամանակ մտահոգություն է հնչեցնում: «Մտահոգություն եմ արտահայտում եւ ահազանգ հնչեցնում, այս ամեն ինչը սոսկ եզրաբանության խնդիր պետք չէ լինի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երեքշաբթի օրը ասաց Հովհաննիսյանը` պարզաբանելով. - «Որ հայ ժողովուրդը հրճվի, եթե Ամերիկայի նախագահը կամ մեկ այլ պետական գործիչ օգտագործի «ցեղասպանություն» եզրույթը: Որովհետեւ ցեղասպանությունը, որքան էլ տարօրինակ հնչի, շատ նեղ եզր է ներկայացնելու համար, թե հայ ժողովուրդը ինչ կորցրեց Առաջին համաշխարհային պատերազմի քողի ներքո»: Հովհաննիսյանի բնորոշմամբ` Հայոց ցեղասպանությունը ոչ միայն մեկեւկես միլիոն մարդկանց սպանություն էր, այլ իրենց հայրենազրկումը, «մի ողջ քաղաքակրթության եւ ժամանակի քննությունը բռնած ողջ կենսակերպի բռնազրկում»: Նախկին արտգործնախարարի կարծիքով, Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի բովանդակային այդ հիմքի վրա, եւ, կարեւորելով Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, անհրաժեշտ է միաժամանակ հաղթահարել «դեռեւս չլուծված եւ չհատուցված ողբերգական ժառանգությունը»: Րաֆֆի Հովհաննիսյանի համոզմամբ, Թուրքիայի նկատմամբ քաղաքականությունը նորանկախ Հայաստանի երեք նախագահների օրոք ենթարկվել է ընդամենը աննշան փոփոխությունների. - «Սոսկ երանգների տարբերություն կա երեք նախագահությունների միջեւ: Մենք պիտի կարողանանք շրջադարձ եւ բեկում մտցնել: Սրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը օժտված լինի ժողովրդի մանդատով եւ լինի օրինական, իրավական, լեգիտիմ, որ կարողանա արժանվույնս ներկայացնել ազգային շահերը թե’ Թուրքիա - Հայաստան ուժագծով, թե ընդհանրապես այս տարածաշրջանում»: Ռուբեն Մելոյան

No comments: