Wednesday, April 8, 2009

ԵՄ. ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՔԱՅԼ ՀԱՎԱՔԱԳՐՎՈՒՄ ԵՎ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է

7-4-2009- Եվրոպական ինտերնետ-պրովայդերները ապրիլի 6-ից պահելու են իրենց հաճախորդների ցանցային ակտիվության մասին տվյալներ` ուղարկված նամակների, այցելած սայթերի և ինտերնետի միջոցով իրականացրած հեռախոսազանգերի մասին: Այս քայլը նախաձեռնվել է Եվրոպական Միության կողմից, որի նպատակներից է ահաբեկչության դեմ պայքարի աջակցությունը: Նշենք, որ ինտերնետից օգտվողների վերահսկողությունն ուժեղացնելու անհրաժեշտության մասին սկսեցին խոսել 2005-ին Լոնդոնում հասարակական տրանսպորտում իրականացրած պայթյունից հետո: Պրովայդերների հավաքագրած տվյալներից չի կարելի եզրակացություններ անել էլեկտրոնային նամակների կամ վեբ-սայթերի բովանդակության մասին, չի կարելի նաև ձայնագրել հեռախոսային խոսակցությունները: Նախատեսվում է, որ դրանք կօգտագործվեն այս կամ այն մարդու հետ շփվելու համար: Ինտերնետից օգտվողների ակտիվության վերաբերյալ տվյալները կհավաքագրվեն տարվա ընթացքում: ԵՄ-ում արդեն գործում են նորմեր, որոնց համաձայն հեռահաղորդակցական ընկերությունները պետք է պահեն կատարած զանգերի վերաբերյալ տեղեկատվությունը: Տվյալների բազայի մուտք կարելի է ունենալ միայն դատարանի որոշմամբ: Շատ իրավապաշտպաններ, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կարծում են, որ այս նորամուծությունը ոտնահարում է մարդու մասնավոր կյանքի գաղտնիության իրավունքը: Շվեդիայի իշխանությունները որոշել են անտեսել համաեվրոպական հրամանը, իսկ Գերմանիայում դատարանն արդեն ուսումնասիրում է դրա օրինականությունը: Որոշ քննադատաներ նաև զգուշացնում են, որ բացի ոստիկանությունից ցանցից օգտվողի վերաբերյալ ինֆորմացիան կարող են ստանալ նաև պետական այլ մարմիններ: Բրիտանիայի արտգործնախարարությունը սակայն կարծում է, որ այդ միջոցառումները կօգնեն անվտանգության ամրապնդմանը: Պաշտոնական Լոնդոնը նույնիսկ մտադիր է միջոցներ հատկացնել պրովայդերներին` տվյալների պահպանման համար:Նշենք, որ նմանատիպ մի օրինակ կա նաև Հայաստանում: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պաշտոնական կայքի կանոնակարգի համաձայն, տնօրինվում են վեբ կայք այցի մասին տեղեկությունները: Այցի մասին հավաքագրվում և պահպանվում են այցելուի կողմից օգտագործվող բրաուզերը և օպերացիոն համակարգը՝ կայք մուտք գործելու համար, այցի օրը և ժամը, այն ինտերնետային կայքի հասցեն, որտեղից հղումով ուղղվել են դեպի մեր կայք, այցելուի կողմից դիտված էջերը և հարցվող տեղեկատվությունը: «Այս տեղեկությունները հիմնականում հավաքագրվում են վիճակագրական վերլուծություններ կատարելու և կայքը տեխնիկապես անթերի դարձնելու (պահպանելու) համար: Սակայն, հատուկ դեպքերում մեր կողմից հավելյալ քայլեր են իրականացվում Ձեր անձը բացահայտելու ուղղությամբ՝ նշված տեղեկությունների միջոցով, և մենք իրավունք ենք վերապահում փոխանցել այդ տեղեկություններն այլ պետական գերատեսչությունների»,-ասում են ՏՄՊՊՀ-ից:‎ Աղբյուր` Panorama.am

No comments: