Thursday, April 16, 2009

Ալի Բաբաջանը հայ-թուրքական հարաբերությունները նույնպես կապել է ղարաբաղյան խնդիր հետ

Tert.am. 16-4-2009- Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների 20-րդ նիստի կապակցությամբ Հայաստան ժամանած Ալի Բաբաջանը, ինչպես մենք այսօր արդեն նշել էինք, CNNTurk-ին հայտարարել էր, որ «մենք ցանկանում ենք համընդգրկուն լուծման հասնել և ամբողջովին վերականգնել երկու երկրների միջև հարաբերությունները»։ Նա նաև հավելել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը պետք է ընթանա հայ-ադրբեջանական բանակցություններին զուգահեռ։ Թուրքիայի արտգործնախարարը լրագրողներին նաև ասել էր, որ ինքը երկկողմանի բանակցություններ կվարի հայ պաշտոնյաների հետ Երևանում, եթե նման պահանջ լինի։ Նշենք նաև, որ այսօրվա ՍԾՏՀ 20-րդ նիստից հետո Ալի Բաբաջանն առանձին հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳՆ տեղակալ Մահմուդ Մամեդգուլիևի հետ։ Ինչպես հաղորդում է NTV-ն, Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը խնդրել է, որպեսզի Սերգեյ Լավրովը հորդորի Հայաստանին արագացնել ջանքերի գործադրումը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։ Ինչ վերաբերում է Էդվարդ Նալբանդյանի և Ալի Բաբաջանի հանդիպման հնարավորությանը, ապա Հայաստանի արտգործնախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Tert.am–ին ասել է, որ դեռևս նման հանդիպում տեղի չի ունեցել։

No comments: