Thursday, April 23, 2009

Վանի շրջակայքում քանդում են հայկական գերեզմանոց. պատահականությո՞ւն, թե՞ մտադրված քայլ

Tert.am.22-4-2009- Վանի շրջանի Այդինոչակ գյուղում շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է հայկական գերեզմանատուն։ Ինչպես հայտնում է թուրքական Hurriyet-ը, գյուղի այդ տարածքում պատրաստվում էին կառուցել դպրոց, սակայն շինարակական աշխատանքների հենց մեկնարկին հայտնաբերվել են մարդկային ոսկորներ և գանգեր։ Գյուղի բնակիչները նշել են, որ բոլորին քաջ հայտնի է, որ այդ տարածքում հայկական գերեզմանոց է, սակայն տեղական իշխանություններն այդ մասին «չգիտեին»։ Այժմ էլ, ինչպես հայտնում է թուրքական լրատվամիջոցը, տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմիններին հանձնարարվել է անցկացնել հետաքննություն՝ պարզելու, թե արդյոք հայկական գերեզմանոցը գրանցված է գյուղի այդ տարածքում, որտեղ պատրաստվում են դպրոց կառուցել։ Տեղական վարչակազմի ղեկավար Թահսին Աքսուն հայտարարել է, որ ինքը կդիմի տեղի դատախազության գրասենյակ՝ հետաքննություն անցկացնելու նպատակով։ Նշենք, որ ըստ պաշտոնական տվյալների, այդ տարածքը նախատեսված էր որպես գյուղի արոտավայր, սակայն տեղացիներին հայտնի էր որպես հայկական գերեզմանատուն։ Տեղի գյուղացիներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ, նշել է, որ իր նախնիները 200 տարի առաջ են բնակություն հաստատել այդ գյուղում։ Նա նաև հավելել է, որ «գերեզմանաքարերի մեծ մասը ավերվել է։ Որոշ մարդիկ օգտագործել են դրանք իրենց տները կառուցելու համար»։Ինչպես նշել է գյուղացին, եթե շինարարությունը շարունակվի, ապա «ավելի շատ ոսկորներ ջրի երես դուրս կգան»։ «Մենք գիտենք, որ դա հայկական գերեզմանոց է։ Կապ չունի, թե նրանք որ կրոնին են պատկանում։ Սա պատմություն է։ Շատ անհարգալից է դպրոցի կառուցումը գերեզմանատան վրա»,- նշել է գյուղացին։ Իսկ ահա Աքսուն հայտարարել է, որ իրենք տեղեկություն չեն ունեցել հայկական գերեզմանոցի մասին։ Նա նաև հավելել է, որ «կանցկացվի հետաքննություն, ինչից հետո մենք կորոշենք մեր անելիքը»։

No comments: