Wednesday, April 8, 2009

ԱՄՆ-ի նախագահը Ստամբուլում հանդիպել է Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներին

«Ազատություն» 7-4-2009- Երեկ ուշ երեկոյան Ստամբուլում, որտեղ գումարվել է «Քաղաքակրթությունների դաշինք» երկրորդ ֆորումը, Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հանդիպել է Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ալի Բաբաջանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Շվեյցարիայի արտգործնախարար Միշլին Քալմի-Ռեյը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը, հանդիպումը տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի կողմից «Քաղաքակրթություների դաշինք» ֆորումի մասնակիցների պատվին տրված պաշտոնական ճաշից անմիջապես առաջ: «Նախագահ Օբաման իր աջակցությունը հայտնեց երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված` Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարների ջանքերին, գոհունակություն հայտնելով բանակցություններում վերջերս արձանագրված առաջընթացի կապակցությամբ: ԱՄՆ-ի նախագահը քաջալերեց կողմերին` մոտ ապագայում կնքելու երկու կարեւոր երկրների` Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները կարգավորող համաձայնագիր: Օբամայի բնորոշմամբ` Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարների ձեռնարկած քայլերը պատմական եւ խիզախ քայլեր են, ու հայ - թուրքական սահմանի բացումը կարող է ապահովել երկու ժողովուրդներին խաղաղ եւ բարեկեցիկ ապագա», - ասաց Տիգրան Բալայանը: Երեկ ավելի վաղ Անկարայում Բարաք Օբաման, պատասխանելով Օսմանյան կայսրությունում առաջին աշխարհամարտի տարիներին հայերի զանգվածային սպանդի մասին հարցին, խուսափել է «ցեղասպանություն» հասկացությունը կիրառելուց: Նախընտրական քարոզարշավի ընթացքում Օբաման խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Իմ հայտնած տեսակետներն արձանագրված են, եւ դրանք չեմ փոխում: Ինձ շատ է ոգեւորում այն հանգամանքը, որ Աբդուլա Գյուլի նախագահության օրոք Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ տեղի են ունենում բանակցություններ, որոնց օրակարգում երկար ժամանակ լուծում պահանջող խնդիրներն են, այդ թվում այդ մեկը», - Անկարայում ասել է Օբաման` ակնարկելով Հայոց ցեղասպանության թեման: «Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ, ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում` Ազգային մեծ ժողովում, Միացյալ Նահանգների նախագահն ասել է, որ չթոթափված պատմական բեռը ծանր է: Յուրաքանչյուր երկիր պարտավոր է ընդունել անցյալը, դա է տալիս ավելի լավ ապագայի հույսը: «Ես դա ասում եմ որպես նախագահ մի երկրի, որը շատ երկար ժամանակ իմ նմաններին չէր տալիս քվեարկելու հնարավորություն: Բայց հենց փոխվելու ունակությունն է զարգացնում մեր երկրները», - ընդգծել է ԱՄՆ-ի առաջին սեւամորթ նախագահ Բարաք Օբաման: Աստղիկ Բեդեւյան եւ Արմեն Քոլոյան, Պրահա

No comments: