Friday, April 24, 2009

«Սաբահ»-ը հրապարակել է «ճանապարհային քարտեզի» մանրամասները

ՀԵՏՔ, 24-4-2009- Թուրքական «Սաբահ» թերթը հրապարակել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ համաձայնեցված «ճանապարհային քարտեզի» մանրամասները: Այն բաղկացած է հինգ կետերից: Ըստ այդմ` Հայաստանը պետք է ընդունի Կարսի պայմանագիրը` ստորագրված Թուրքիայի եւ նախկին ԽՍՀՄ-ի միջեւ 1921 թ.: Պետք է ստեղծվի պատմաբանների հանձնաժողով` ուսումնասիրելու համար Ցեղասպանության պնդումները, եւ երրորդ պետությունները կարող են միանալ հանձնաժողովին: Հայ-թուրքական սահմանը կբացվի եւ համապատասխան փաստաթղթեր կստորագրվեն առեւտրային հարաբերությունների համար:Ուղղակի դիվանագիտական հարաբերություններ կստեղծվեն, երբ Հայաստանն եւ Թուրքիան Վրաստանի իրենց դեսպաններին կհավատարմագրեն Անկարայում եւ Երեւանում: Խորհրդարանը ուղղակիորեն կքննարկի «ճանապարհային քարտեզի» դրույթները, որը պետք է հաստատվի յուրաքանչյուր երկրի օրենսդիր մարմնի կողմից: «Սաբահի» փոխանցմամբ թեեւ փաստաթղթում Ղարաբաղյան հիմնահարցն ընդգրկված չէ, հարաբերությունների կարգավորումը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կընթանա հակամարտության կարգավորմանն ուղղված քայլերին զուգընթաց:

No comments: