Saturday, April 18, 2009

«ՍԾՏՀ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ՎՐԱ ԿՆԻՔ ԵՆ ԹՈՂԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Թուրքական լրատվամիջոցները հենց այդ տեսանկյունից են մեկնաբանում երեւանյան նիստը «ԱԶԳ» 18-04-2009- Ապրիլի 16-ին Երեւանում գումարվեց «Սեւծովյան տնտեսական համագործակցություն» կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստը, որի ավարտին Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը կազմակերպության նախագահությունը հանձնել է Ադրբեջանին: Թեեւ թուրքական հանրային հեռուստատեսությունը նիստում, Թուրքիա-Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները համարելով օրակարգի առաջնահերթ խնդիր, ընդգծեց, որ դրանք իրենց կնիքն են թողել նիստի վրա, սակայն դրա գլխավոր արդյունքն, այնուամենայնիվ, գործընկերոջ կարգավիճակի տրամադրումն է Իրանին: Թերեւս այդ առումով պատահական չէ, որ մեր աշխատակցուհի Աղավնի Հարությունյանը «Ազգի» նախորդ համարում խորհրդի նիստը լուսաբանել էՙ «Գործընկերոջ կարգավիճակ Իրանինՙ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում» վերնագրով: Կարգավիճակի հանգամանքն, ամենայն հավանականությամբ, պետք է պայմանավորվի Իրանի հետ առկա խնդիրները բանակցությունների միջոցով կարգավորելու նախագահ Բարաք Օբամայի պատրաստակամությամբ, ինչպես նաեւ այդ պատրաստակամությունից բխող իրանա-ամերիկյան ուղղակի հանդիպումներով, որոնք արդեն սկզբնավորվել են: Թուրքական հանրային հեռուստատեսությունն ու համանուն թերթերը, անդրադառնալով նիստին, Իրանի կարգավիճակի հարցը շրջանցում եւ ողջ ուշադրությունը կենտրոնացնում են խորհրդի նիստին արտգործնախարար Ալի Բաբաջանի մասնակցության, ինչպես նաեւ նրա երեւանյան հանդիպումների վրա: Նրանց տվյալներով, նախքան Բաբաջանի Երեւան ուղեւորվելը Թուրքիան այդ մասին կանխավ իրազեկել է Ադրբեջանին: Ինքնաթիռում Ալի Բաբաջանը, «Զամանի վկայությամբ», հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ հայտարարել է, որ Թուրքիան երկու երկրների միջեւ առկա խնդիրների հարցում կողմնակից է համապարփակ լուծման եւ երկկողմ հարաբերությունների լիարժեք նորմալացման: Երեւանում Բաբաջանը շուրջ 40 րոպեանոց հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, քննարկել է Մերձավոր եւ Միջին Արեւելքին, Աֆղանստանին ու Հարավային Կովկասին առնչվող խնդիրները, ընդգծելով, որ Թուրքիան մեծ կարեւորություն է տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությանը: Դրան է հետեւել Բաբաջանի հանդիպումը Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամադ Գուլիեւի հետ: Հատկանշական է, որ թուրքական լրատվամիջոցները, այդ թվում նաեւ հանրային հեռուստատեսությունը, հանդիպմանն անդրադառնալիս, հարկ են համարում մատնանշել. «Հանդիպումն ընթացավ «Սեւծովյան տնտեսական համագործակցություն» կազմակերպության նախագահության վերաբերյալ մտքերի փոխանակմամբ: Հանդիպմանը բացարձակապես չեն արծարծվել Լեռնային Ղարաբաղի եւ Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների խնդիրները: Այս հարցերին մամուլի համատեղ ասուլիսում անդրադարձել են Հայաստանի արտգործնախարարն ու Ադրբեջանի փոխարտգործնախարարը»: Նիստի ավարտին արտգործնախարար Նալբանդյանը քառակողմ հանդիպում է ունեցել Լավրովի, Բաբաջանի եւ Գուլիեւի հետ: Այնուհետեւ նա Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներին ուղեկցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրՙ ընդունելության: Այս ընդունելությունը, դիվանագիտական աղբյուրներից «Զամանի» ստացած տեղեկության համաձայն, նախապես ծրագրված չի եղել: Սակայն ընդունելության ավարտին ՀՀ նախագահը եւս 10 րոպե առանձնազրույց է ունեցել Նալբանդյանի եւ Բաբաջանի հետ, առանց Լավրովի ներկայության: Առանձնազրույցի բովանդակության մասին թուրքական լրատվամիջոցները տվյալներ չեն հաղորդում, սակայն նրանք միահամուռ նշում են. «ՍԾՏՀ կազմակերպության խորհրդի երեւանյան նիստում բոլոր կողմերն էլ հայտարարություն անելիս ամեն ջանք գործադրում էին, որ չվնասեն Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացին»: ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: