
Lragir 28-4-2009- “Բավականին հետաքրքիր ինֆորմացիա ենք ստացել, որը ցավոք սրտի ես չեմ կարող հիմա բացահայտել: Քննարկել ենք նաեւ ներքին քաղաքական հարցեր”: Այդ խոսքի հեղինակը Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն է, ով ապրիլի 28-ին եղել է Փաստարկ ակումբում եւ լրագրողների հետ հանդիպմանը պատմել է նաեւ ընդդիմության ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզայի հանդիպումների մասին: Լեւոն Զուրաբյանը նշել է, որ քննարկել են թե Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, թե հայ-թուրքական հարաբերությանը, թե ներքին քաղաքական կյանքին վերաբերող հարցեր:
Նա ասում է, որ Բրայզային փոխանցել են իրենց մտահոգությունները, որ հայ-թուրքական եւ Ղարաբաղի հարցերի կարգավորման համատեքստում ունեն ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ: “Ասել ենք, որ մեզ համար եւ հասարակության, եւ Հայաստանի համար կարեւորագույն հարցեր կան, մասնավորապես Հայաստանի ժողովրդավարության վերականգնման հարցը: Մենք կարող ենք ողջունել հայ-թուրքական հաշտեցումը կամ ոչ, իհարկե դա ավելի հստակ կասենք այն բանից հետո, երբ տեսնենք իրական փաստաթուղթը, եթե փաստաթուղթը բացահայտվի, բայց մի խնդիր հստակ կա, որ մենք ունենք այդ պրոցեսի հետ: Դա որն է: Մենք շատ լուրջ հիմքեր ունենք կասկածելու, որ հայ-թուրքական հաշտեցման եւ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացները օգտագործվում են Սերժ Սարգսյանի կողմից, որպեսզի միջազգային հանրությանը աջակցությունը կամ համաձայնությունը ստանա ընդդիմությանը ջարդելու նպատակով”, ասում է Լեւոն Զուրաբյանը:Նրա խոսքով, եթե այդպես է, ապա իրենք չեն կարող ընդունել եւ վստահել մի գործընթացի, “որի հետեւանքով կործանվելու է ժողովրդավարությունը Հայաստանում”: “Մեզ համար շատ ավելի հասկանալի կլիներ, որ նման հասարակական հնչեղություն եւ ընդհանրապես հայ ժողովրդի համար բախտորոշ հարցերում իշխանությունները փորձեին ազգային համաձայնության մթնոլորտ ստեղծել”, ասում է Լեւոն Զուրաբյանը:
No comments:
Post a Comment