Thursday, April 23, 2009

Հայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է բացառիկ փաստաթղթերով

Tert.am. 23-4-2009- Հինգշաբթի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը լրագրողներին ներկայացրել է 2008թ. գործունեության արդյունքները։ Այսպիսով, ըստ վերջինիս, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն նվիրատվությունների, փոխանակումների և ձեռքբերումների միջոցով համալրվել է հարյուրավոր բացառիկ թանգարանային արժեքներով, որոնց մեծ մասն ունի կարևոր սկզբնաղբյուրային նշանակություն։ Այս ժամանակահատվածում հավաքչական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են Մեծ եղեռնին ու հայ բնակչության բռնագաղթին առնչվող վավերագիր շուրջ հարյուր նոր լուսանկարներ։ «Բոլորովին վերջերս հայտնաբերվել և թվայնացվել են շուրջ 250 բացառիկ լուսանկարների օրիգինալ ապակե կրիչներ, որոնք ներկայացնում են Սիրիայում՝ Եղեռնից փրկված հայ տարագրյալներին հումանիտար օգնություն ցուցաբերելու դրվագներ»,- նշել է Դեմոյանը՝ հավելելով, որ իր կարծիքով, այդ լուսանկարները կհամալրեն թանագարանի ժամանակավոր ցուցադրությունը։ Թանգարանի տնօրենը տեղեկացրել է, որ արդեն 2010թ. կսկսեն ժամանակակից թանգարանային ցուցադրության պատրաստման աշխատանքները։ Այս հավաքածուների շարքում առանձնահատուկ կարևորություն են ներկայացնում նորվեգացի միսիոներ Բոդիլ Բյորնի ձեռագիր հուշագրությունները և նամակները, որոնք պատմում են Մուշի հայ բնակչության զանգվածային կոտորածների մասին։ Բացի այդ, թանգարանի գրադարանը համալրվել է տասնյակ արժեքավոր և հազվագյուտ գրքերով։ Դեմոյանը նշել է, որ տարեցտարի թանգարանի հավաքածուն ավելանում է նոր նմուշներով, և մոտ ապագայում կարող են ծագել տեղադրման խնդիրներ։ «ղբերգության հարյուրամյակի տարելիցին մենք մտադիր ենք թանգարանի տարածքի ընդլայնման համալիր ծրագիր մշակել և ներկայացնել այն կառավարությանը»- հաղորդել է Դեմոյանը։ Այդ համատեքստում տնօրենը հավելել է, որ թանգարանում պետք է գործեն առանձին սրահներ՝ գեղանկարչական աշխատանքների համար, առանձին կենտրոն, որտեղ պահվելու են թվայնացված նյութերը, բացի այդ, այցելուների համար հարակից տարածաքում գործելու է փոքր սրճարան։ Հավելենք, որ բացի թանգարանի հիմնադրամի ավելացումից, աշխատակիցներն առանձնահատուկ ուշադրություն են դարձնում թանգարանին հարող կանաչ տարածքների բարեկարգմանը։ Այսպիսով, վերջին տարվա ընթացքում այգում տնկել են վեց հազար ծառ։

No comments: