Tuesday, April 7, 2009

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Ես չեմ խոստացել փակել Դանիայի Roj TV քրդական ալիքը

/PanARMENIAN.Net/ 06.04.2009 - Անհրաժեշտ է կարգավորել իսլամական աշխարհի հետ երկխոսությունը եւ կանխել ռասայական ու կրոնական խտրականության ցանկացած դրսեւորումները: Այդ մասին Ստամբուլում Քաղաքակրթությունների ալյանսի գագաթաժողովին հայտնել է ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: «Ես հանդես եմ գալիս մարդկանց իրենց կրոնական, էթնիկական եւ մշակութային պատկանելության մեջ մեղադրելու դեմ»,- ասել է Ռասմուսենը: Խոսելով Դանիայի ծաղրանկարների մասին` նա ասել է, որ դա սխալ էր ընկալվել որպես իսլամական աշխարհի հանդեպ անհարգալից վերաբերմունք: «Անհրաժեշտ է երկխոսություն իսլամական աշխարհի հետ»,- ասել է նա, հաղորդում է TRT-2 հեռուստաընկերությունը: Դրա հետ մեկտեղ Ռասմուսենը ընդգծել է, որ չի խոստացել փակել Դանիայի Roj TV քրդական ալիքը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Թուրքիայի ձայնը ստանալու փոխարեն: Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման Թուրքիային երաշխիքներ է տվել այն քայլերի վերաբերյալ, որոնք ձեռնարկվելու են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Անդերս Ֆոգ Ռասմուսենի թեկնածության համար համաձայնության փոխարեն: «Մենք Դանիայի Roj TV քրդական ալիքը փակելու խոստում ստացանք: Գլխավոր քարտուղարի հինգ տեղակալներից մեկը թուրք է լինելու, Աֆղանստանի ներկայացուցիչը նույնպես Թուրքիայից է լինելու»,- հայտնել էր Էրդողանը:

No comments: