Thursday, April 16, 2009

Բրիտանական The Times-ն անդրադարձել է հայ-թուրքական սահմանի բացման խնդրին

Tert.am. 16-4-2009- Հայ-թուրքական սահմաների բացումը շրջադարձային պահ կլինի Թուրքիայի համար, որը ձգտում է ազդեցություն ձեռք բերել Կովկասում և Միջին Ասիայում: Այս մասին գրել է բրիտանական The Times-ը «Աշխարհի գավաթի հրավերը քայքայում է «երկաթյա վարագույրի» վերջին կտորը» հոդվածում: Քանի որ օգոստոսյան պատերազմից հետո Ռուսաստանը սկսեց վերականգնել իր ուժերը Կովկասում, տարածաշրջանը կարող է բեմահարթակ դառնալ էներգետիկ ռեսուրսների վրա վերահսկողություն սահմանելու լարված պայքարի համար: Երկկողմանի հարաբերությունները հարթելու նպատակով անցկացված բանակցությունները, որոնք մասամբ գաղտնի էին, ոչնչի չեն հանգեցրել: Որոշակի տեղաշրժ ապահովեց «ֆուտբոլային դիվանագիտությունը». սեպտեմբերին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահ Գյուլին հրավիրեց Երևան` միասին դիտելու երկու երկրների հավաքականների միջև ընթացող Աշխարհի ֆուտբոլի գավաթի ընտրական հանդիպումը: Ապրիլի 16-ին` Հայկական ցեղասպանության տարելիցից ութ օր առաջ, ՍԾՏՀ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան է այցելելու Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: Սահմանների բացման օրը նա դժվար թե հայտարարի, սակայն երկու կողմերն էլ հավատում են, որ այն երկար սպասել չի տա։Այս համատեքստում բրիտանական թերթը նշում է, որ Արևմուտքը Կովկասը դիտարկում է որպես հանգուցային երթուղի խողովակաշարերի անցկացման համար, որոնք, Ռուսաստանը շրջանցելով, պետք է միմյանց կապեն Միջին Ասիայի և Եվրոպայի հսկայական նավթային հանքերը:

No comments: