
Tert.am.22-5-2009- Այսօր ՀԱԿ-ի նախընտրական հերթական հանդիպումը կայացավ Կենտրոն համայնքում: Ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում նշեց, որ այսօր Հայաստանի առաջ կանգնած են չորս մարտահրավերներ` սրընթաց խորացող տնտեսական ճգնաժամ, որն այս իշխանությունները ոչ մի կերպ չեն կարողանում հաղթահարել, Ղարաբաղի հարցի կարգավորման անհույս վիճակը, հայ-թուրքական հարաբերությունների անհաջողությունները և չորրորդ մարտահրավերը Հայաստանի ներքին քաղքական ճգնաժամն է:
«Իշխանությունների և ժողովրդի հետադարձ օտարացումն ահռելի վիհ է, որ գոյություն ունի ժողովրդի իննսուն տոկոսի և իշխանության բարիքներից օգտվող տասը տոկոսի միջև: Այս հիմարագույն իշխանությունը կորցնում է իր ամենահիմնական դաշնակցին` սեփական ժողովրդին»,- նշել է Լևոն Տեր-Պետրոսյանը:
Անդրադառնալով գալիք ընտրություններին` Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ եթե ժողովուրդը կողմ է քվեարկում իշխանության ներկայացուցչին` նշանակում է նա վստահության քվե է տալիս այսօրվա իշխանություններին: ՀՀ առաջին նախագահը նաև խոսել է իշխանության ներսում տեղի ունեցած ծեծկռտուքների մասին: Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքով, դրանք հասարակ ծեծկռտուքներ չեն:
«Բոլորին թվում է, թե սրանք ինչ-որ տարերային, ինքնաբուխ գործողություններ են: Սկսել եմ կասկածել: Երբ մեր տղաներին ոստիկանին մատով կպնելու համար 2-3 տարի են նստեցրել, այստեղ ոստիկաններ են ծեծում, թաղապետ են ջարդուխուրդ անում, բայց ամեն ինչ ծածկում են, անամոթաբար, իր նախարարի ուսադիրներից չամաչելով, հայտարարում, որ ոչ մի այդպիսի բան տեղի չի ունեցել, այստեղից ես ենթադրություն եմ անում, որ այս բախումները պատահական չեն և ղեկավարվում են մեկ կենտրոնից»,- ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը:
ՀԱԿ առաջնորդը նաև հայտարարել է, որ, ըստ իր խորը համոզման, այս իշխանությունները հասկանում են, որ իրենք այս ընտրությունները տանուլ են տալու, հասկանում են, որ ՀԱԿ-ը հաղթելու է, հասկանում են նաև, թե ինչ է նշանակում Կոնգրեսի հաղթանակը քաղաքապետի ընտրություններում` դա իրենց վերջն է:
Իսկ դա կանխելու միջոցն, ըստ ՀԱԿ առաջնորդի, այն է, որ իշխանությունները այս բախումները, ծեծկռտուքները սարքում են ընտրությունները հետաձգելու համար:
«Հետո կարող են ասել, որ այս մթնոլորտում հնարավոր չէ ընտրություն անցկացնել, եկեք հետաձգենք: Եթե բախումները շատանան, ուրեմն այդ սցենարն իրականություն է դառնալու»,- ասել է ընդդիմության ղեկավարը: Անդրադառնալով նաև այն խոսակցություններին, թե ՀԱԿ-ը պարտվելու դեպքում կդադարի պայքարել` Տեր-Պետրոսյանն ասաց. «Ցանկացած ելքի դեպքում պարտություն չկա, պարտությունը լինում է այն ժամանակ, երբ դադարեցվում է պայքարը, իսկ մենք պայքարը դադարեցնողը չենք»:
Լևոն Տեր Պետրոսյանի ելույթին հաջորդեց բազմամարդ երթ Երևանի կենտրոնում:
No comments:
Post a Comment