
Lragir. 3-6-2009 - Երեւանի ավագանու ընտրությանն արձանագրված արդյունքը թերեւս մտորելու առիթ պետք է տա Հայաստանի ազգային անվտանգությամբ մտահոգ անձանց եւ կառույցների համար: Բանն այն է, որ այդ ընտրությունը բացահայտեց մի յուրօրինակ իրողություն: Երեւանի ավագանու ընտրությանն ՕԵԿ կուսակցությունը ստացավ ընդամենը 5 տոկոս ձայն, այսինքն չհաղթահարեց 7 տոկոսի տարրական շեմը: Իսկ այդ կուսակցության առաջնորդը հանդիսանում է Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Այսինքն, Հայաստանի ազգային անվտանգության խորհուրդը գլխավորում է մի մարդ, որի կուսակցությունն ունի ընդամենը 5 տոկոս հասարակական համակրանք: Ավելին, հատկանշական է, որ ՕԵԿ-ը 5 տոկոս է ստացել այն պարագայում, երբ նրա նախագահ, ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը անձամբ էր մասնակցում նախընտրական արշավին եւ անձամբ էր ելույթներ ունենում եւ քաղաքացիներին, ընտրողներին կոչ անում հավատալ իրենց ուժին: Այսինքն, սա նաեւ վկայում է, որ առնվազն ՕԵԿ համար այս ընտրությունը կենցաղային չէր, այլ լուրջ քաղաքական միջոցառում, եթե դրան ներգրավվել էր ՕԵԿ ամբողջ վերնախավը Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ: Հետեւաբար, աներկբա է դառնում, որ Հայաստանի ազգային անվտանգության կարեւոր ինստիտուտներից մեկը գլխավորում է մի մարդ, որը ներկայացնում է այսօր հասարակության ընդամենը 5 տոկոսին: Եզրակացությունները թերեւս պետք է թողնել ազգային անվտանգության հարցերով մտահոգ պաշտոնյաներին:
No comments:
Post a Comment