Saturday, June 20, 2009

Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը առկա քաղաքական խնդիրների լուծման մեծ հնարավորություն է տալիս Թուրքիային, կարծում է հայ քաղաքագետը

HayInfo.19-6-2009- Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը առկա քաղաքական խնդիրների լուծման մեծ հնարավորություն է տալիս Թուրքիային, կարծում է հայ քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։ Այդ մասին հաղորդում է “Նովոստի-Արմենիան“: «Վերջին ժամանակներում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններում նկատվող ջերմացումը թուրք ղեկավարության համար բանակցությունների, այդ թվում նաև ղարաբաղյան բանակցությունների ընթացքին ազդելու լեգիտիմ հիմք է ստեղծել»,- ասաց նա։ Բոզոյանն ընդգծեց, որ ղարաբաղյան խնդրի լուծման ընթացքում մեծ ճնշում կարող է գործադրվել Հայաստանի վրա, քանի որ Թուրքիան համաշխարհային հիմնական կենտրոնների ազդեցության ավելի շատ լծակներ ունի, քան իր հարևանը։ Միաժամանակ քաղաքագետը հույս հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները կփոխեն իրենց արտաքին քաղաքականության կուրսը Թուրքիայի նկատմամբ, և նախագահ Սարգսյանն աշնանը չի մեկնի Անկարա ֆուտբոլային խաղը դիտելու՝ դրանով իսկ շարունակելով անկայուն հարաբերությունները։ «Ես հայ-թուրքական հարաբերությունների բարելավման կողմնակից եմ, բայց միևնույն ժամանակ պետք է գիտակցել այդ բարելավման գինը, ինչը, իսկապես, շատ լուրջ խնդիր է»,- հայտարարեց Բոզոյանը։ Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ 1993 թվականից պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակվել է հայ-թուրքական սահմանը: Թուրքիան առաջ է քաշում մի շարք նախապայմաններ՝ երկկողմ հարաբերությունների հաստատման համար, մասնավորապես, Հայաստանի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարվելը, երբ սրի էր քաշվել շուրջ մեկուկես միլիոն հայ, Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումը։ Բացի այդ, Թուրքիան զբաղեցնում է ակնհայտ ադրբեջանամետ դիրքորոշում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում։

No comments: