Monday, March 28, 2011

Օրհան Փամուքը կբողոքարկի թուրքական դատարանի վճիռը

Tert.am. 28-3-2011- Նոբելյան մրցանակակիր, թուրք գրող Օրհան Փամուքը պատրաստվում է բողոքարկել թուրքական դատարանի՝ իր դեմ կայացրած որոշումը։ Այս մասին, ինչպես գրում է թուրքական «Սթար» օրաթերթը, հայտարարել է գրողի փաստաբան Հալուք Ինանջըն։
Ընդգծելով, որ նման որոշումները վայել չեն իրավական պետությանը, Փամուքի փաստաբանը հույս է հայտնել, որ Վճռաբեկ դատարանը չեղյալ կհայտարարի Շիշլիի քաղաքացիական դատարանի կայացրած որոշումը։
«Դատարանները պետք է պաշտպանեն խոսքի ազատությունը։ Պարոն Փամուքի հարցազրույցից վեց տարի է անցել։ Այդ չափի փոխհատուցման պահանջով դատական գործերի վաղեմության ժամկետը 1 տարի է։ Իսկ հայցը ներկայացվել է 5 տարի առաջ։ Մենք բողոքարկելու ենք այդ վճիռը և հուսով ենք, որ Վճռաբեկ դատարանը կբավարարի մեր բողոքը»,– հայտարարել է Հալուք Ինանջըն։
Հիշեցնենք, որ երեկ Շիշլիի քաղաքացիական դատարանը բավարարել է Իրավաբանների միության նախկին նախագահ Քեմալ Քերինչսիզի և թուրք սպանված զինվորների մերձավորների կողմից Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքի դեմ ներկայացված հայցը: Դատարանի կայացրած որոշման համաձայն` հայտնի թուրք գրողը 6 հազար թուրքական լիրայի (մոտ 4000 ԱՄՆ դոլար) փոխհատուցում պետք է վճարի Քեմալ Քերինչսիզին և սպանված զինվորների մերձավորներին` «ողջ թուրք ազգին մեղադրանք ներկայացնելու» և «անհատի իրավունքները ոտնահարելու» համար:
Թուրքիայում Օրհան Փամուքին սկսել էին քրեորեն հետապնդել 2005թ. ի վեր, այն բանից հետո, երբ գրողը շվեյցարական պարբերականներից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Թուրքիայում սպանվել են հայեր և քրդեր:
«Այս հողերում 1 միլիոն հայ և 30 հազար քուրդ է սպանվել: Թուրքիայում որևէ մեկը չի համարձակվում խոսել այդ մասին: Իսկ ես խոսում եմ»,- հայտարարել էր Փամուքը:
Թուրք գրողի այդ հայտարարությունից հետո Իրավաբանների միության նախկին նախագահ ծայրահեղ ազգայնական Քեմալ Քերինչսիզը, որ 2008թ. ձերբակալվել, իսկ ավելի ուշ կալանավորվել է «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացվող հետաքննության շրջանակում, հայց էր ներկայացրել ընդդեմ Փամուքի: Սակայն Շիշլիի դատարանը 2009թ. մերժել էր այդ հայցը: Դատարանի որոշումը Քերինչսիզը բողոքարկել էր Վճռաբեկ դատարանում, որն էլ բավարարել էր նրա բողոքը և պահանջել դատական գործ սկսել Փամուքի դեմ:

No comments: