
Tert.am.10-6-2009 - «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի 6-րդ անգամ` հուլիսի 12-19-ը: Փառատոնն այս տարի ստացել էր մոտ 430 հայտ 65 երկրներից, որոնցից ընտրվել 110 ֆիլմ 40 երկրներից:
«Ոսկե Ծիրան»-ը կունենա նախորդ տարիներին հաստատված 3 մրցութային ծրագրեր` Միջազգային խաղարկային և Վավերագրական ֆիլմերի, ինչպես նաև Հայկական համայնապատկեր:
Փառատոնը կբացվի ռեժիսոր Լոռեն Տյուելի «Առաջին շրջան» ֆիլմով, որի պրոդյուսերն է ֆրանսահայ անվանի կինոգործիչ Ալան Թերզյանը: Ֆիլմում հայ հանցագործի դերում հանդես է եկել ֆրանսիացի անվանի դերասան Ժան Ռենոն: Ալան Թերզյանը Կաննի կինոփառատոնի ղեկավարներից է, նաև “Ալտեր ֆիլմս” պրոդյուսերական ընկերության, Սեզար ակադեմիայի նախագահը, երկար տարիների ղեկավարել է Ֆրանսիայի պրոդյուսերների գիլդիան: Հայաստան նա կայցելի առաջին անգամ:
«Ոսկե Ծիրան»-ն այս տարի կունենա հատուկ իրադարձություն, Սերգեյ Փարաջանովի ծննդյան 85 և «Նռան գույնը» ֆիլմի 40-ամյակի առթիվ փառատոնի շրջանակներում կկայանա հայ կինոյի պատմության մեջ իր արժանի տեղը զբաղեցրած այդ ֆիլմի հայկական տարբերակի ցուցադրությունը: Սա յուրահատուկ հարգանքի տուրք կլինի մեծ ռեժիսորին ու նրա ստեղծագործությանը: Ցուցադրությանը կմասնակցեն բոլոր նրանք, ովքեր մասնակցել են «Նռան գույնի» ստեղծմանը:
Այս տարի «Ոսկե Ծիրան»-ը նախատեսել է հարուստ Ռետրոսպեկտիվ ծրագիր:
Հետահայաց ցուցադրությունների շարքում կցուցադրվեն մեր ժամանակների 3 մեծանուն ռեժիսորների ֆիլմեր, ովքեր ներկայացնում են 3 տարբեր աշխարհամասեր` լեհ Յեժի Սկոլիմովսկին, ճապոնացի Կոհեյ Օգուրին և ամերիկացի Ռոբ Նիլսոնը: Բոլոր 3 հեղինակները կլինեն փառատոնի հյուրերը և կմասնակցեն իրենց ֆիլմերի ցուցադրություններին:
«Ոսկե Ծիրան»-ն այս տարի հատուկ անդրադարձ կկատարի նաև հայ կինոյի մեծ անուններին` հետահայաց ցուցադրություններով նշելով «Հնձան», «Աշնան արև», «Տերը» ֆիլմերի ռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանի և «Տժվժիկ», «Մորգանի խնամին», «Հեղնար աղբյուր», «Ընկեր Փանջունի» ֆիլմերի ռեժիսոր Արման Մանարյանի 80-ամյա հոբելյանները:
Փառատոնի ոչ մրցութային ծրագրում այս տարի նույնպես կլինեն Երևանյան պրեմիերաներ: Դրանց շարքում է հանրահայտ ռուս ռեժիսոր Սերգեյ Սոլովյովի վերջին աշխատանքներից «Աննա Կարենինա»-ն և «Ասսա 2»-ը: Հեղինակը Երևան կայցելի իր ֆիլմերի դերասանուհու` Տատյանա Դրուբիչի հետ միասին:
«Ոսկե ծիրան»-ի շրջանակներում կկայանա նաև Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Տետրո» ֆիլմի երևանյան պրեմիերան, որը կներկայացնի ռեժիսորի հայազգի պրոդյուսեր Անահիտ Նազարյանը: «Տետրո»-ն թողարկվել է 2009թ-ին, համաշխարհային պրեմիերան կայացել է Կաննի փառատոնում:
«Մեկ օր Եվրոպայում» խորագրի ներքո «Ոսկե Ծիրան»-ն այս տարի նույնպես կներկայացնի լավագույն եվրոպական ֆիլմեր` ֆրանսիական, գերմանական, հոլանդական և լեհական:
Ինչպես և անցած տարի, ամեն երեկո ֆիլմեր կմատուցի «Արաբական գիշերներ» ծրագիրը:
Այս տարվա համար նորություն կլինի «Վարպետներ» ծրագիրը, որը կներառի 3 մեծանուն ռեժիսորների` Լուիս Բյունուելին, Միքելանջելո Անտոնիոնիին և Տոնինո Գուերային նվիրված ֆիլմեր:
Վավերագրական ֆիլմերի հատուկ ծրագրում կցուցադրվեն Նյու Յորքի Մարգարետ Միդ վավերագրական ֆիլմերի փառատոնի վերջին տարիների մրցանակակիր ֆիլմերը:
Այս տարվա «Ոսկե Ծիրան»-ի նորույթներից է նաև «Արտադրված է Հայաստանում» տեղեկատվական ծրագիրը, որը կներառի վերջին տարիներին Հայաստանի ազգային կինոկենտրոնի և վավերագրական ֆիլմերի «Հայք» ստուդիայի կողմից նկարահանված ֆիլմերը:
No comments:
Post a Comment