Thursday, June 11, 2009

ԱԼԻԲԻ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԷԼԻՏԱՅԻ ՀԱՄԱՐ

Lragir. 10-6-2009- Հայաստանում շատ է խոսվում քաղաքացիական գիտակցության ճանապարհով իրավիճակի փոփոխության հասնելու տարբերակի մասին: Ընդ որում, այդ տարբերակը կարծես թե համարվում է անայլընտրանք: Դրա այլընտրանք, չգիտես ինչու, դիտվում է արմատականությունը: Եվ չգիտես ինչու արմատականությունը համարվում է հեղափոխականության հոմանիշ: Իրականում այս բոլոր հասկացություններն ու բառակապակցություններն այնքան են շահարկվել, որ կորցրել են իրենց բուն իմաստն ու մեր իրականության մեջ մատուցվում ու ընկալվում են առավելապես հռչակագրային տեսքով ու բովանդակությամբ: Իսկ ահա իրավիճակի փոփոխության, թեկուզ քաղաքացիական գիտակցության զարգացման ճանապարհով դրա փոփոխության գործնական տարբերակները բացակայում են գրեթե լիովին: Ավելին, ստեղծվել է մի իրավիճակ, որ իշխանական էլիտայի ներկայացուցիչներն են թերեւս ամենից շատ դժգոհում եւ նեղսրտում քաղաքացիական գիտակցության բացակայությունից, ներկայացնելով այնպես, թե իբր կրակն են ընկել գավառամտության ձեռքը: Մինչդեռ բուն իրականությունը թերեւս այն է, որ քաղաքացիական հասարակության բացակայությունը իշխանական էլիտայի համար հիանալի միջոց է սեփական սխալներն ու հանցանքները հասարակության վրա բարդելու համար: Կա մի պարզ հարց, որի պատասխանը թերեւս չի հնչում քաղաքացիական հասարակության ճարտարապետի հավակնություն ունեցող որեւէ գործչի ելույթի մեջ: Ինչպես պետք է հասարակությունը հասնի քաղաքացիական գիտակցության: Բանն այն է, որ Հայաստանում դրան հասնելու թերեւս ամենագործնական ճանապարհը կյանքից զրկվելն է` եթե ոչ ֆիզիկապես, ապա բարոյապես հաստատ: Բանն այն է, որ մարդը մի որեւէ գիտակցության հասնում է իր կյանքի, ոչ թե ստացած խրատների արդյունքում կամ հետեւանքով: Մարդն ապրում եւ մտածում է այնպես, ինչ ձեւով որ կարողանում է հասնել ապրուստի առավելագույն հարմարության: Եթե որեւէ մեկը փորձում է մարդուն քաղաքացիական գիտակցություն հաղորդել, ապա դա պետք է անի ոչ թե նրա համար դասախոսություններ կարդալով, այլ պետք է գործնականում այդ մարդուն ցույց տա, որ երբ առկա է քաղաքացիական կեցվածք, ապա կյանքը, ապրելը, դառնում է առավել հարմար: Օրինակ, իշխանությունն այժմ մարդուն ցույց է տալիս, որ եթե գողանում ես, խաբում ես, շահարկում ես, խփում ես, փախցնում ես, ահաբեկում ես, ապա կյանքն ու ապրուստը դառնում են գրեթե ձրի, իսկ եթե այդ ամենը չես անում, եթե այդ ամենին ունակ չես, ապա ամեն քայլափոխի բախվում ես ֆիզիկական, բարոյահոգեբանական, սոցիալական նվաստացման: Այս ամենը չի վերաբերվում իհարկե առանձնակի հոգեկերտվածքի մարդկանց, ովքեր ունեն այնքան ներքին ուժ եւ հոգեւոր այնպիսի հզոր կառուցվածք, որ նրանց համար աշխարհիկ կյանքն ընդամենը պայմանականությունների մի շղթա է: Բայց փաստ է, որ այդ մարդիկ կազմում են շատ փոքր խումբ, իսկ հասարակությունը հիմնականում մտածում է ելնելով այն հիմքից, թե ինչպես է կարողանում ապահովել իր եւ իր զավակների ապրուստն ու կյանքը: Որեւէ այլ երկրում չկա այլ տարբերակ: Բոլոր երկրներում հասարակական մտածողությունը հիմնված է դրա վրա: Բարդացրեք ցանկացած քաղաքացիական հասարակության կյանք, զրկեք նրանց քաղաքացիական գիտակցությամբ ապրուստը հոգալու հնարավորությունից, եւ այդ հասարակությունը հաշված օրերի ընթացքում կվերափոխվի խառնամբոխի, որն ունակ է ավիրել ամեն ինչ: Հետեւաբար, քաղաքացիական գիտակցության ճանապարհով կյանքը փոխելու մոտեցումը թերեւս կամ ուտոպիա է, կամ առնվազն ռոմանտիզմ: Պետք է լինի հակառակը` այսինքն կյանքը փոխելով է, որ հնարավոր է փոխել հասարակության գիտակցությունը, սերմանել քաղաքացիական արժեքներ: Մարդը, քաղաքացին, հասարակությունը, պետք է գործնականում տեսնի, որ քաղաքացիական արժեքով ապրելն առավել նպաստավոր է, առավել անվտանգ եւ ապահով: Նա չունի դասախոսությունների կարիք: Նա ինքը կարող է դաս տալ բոլոր դասախոսներին: Նա ունի կարիք մի այնպիսի էլիտայի, որն իր հանցանքները կամ սխալները հանրության քաղաքացիական գիտակցության բացակայությամբ արդարացնելու փոխարեն իր մեջ կամք է գտնում իր իշխանական լծակներն օգտագործել այնպիսի պայմաններ եւ խաղի կանոններ ձեւավորելու համար, որոնք իրապես այլընտրանք չեն թողնում քաղաքացիական գիտակցությանը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: