
HayInfo.146862009 - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի պաշտոնում Թինա Քեյդենաուին նշանակելը մարտահրավեր է Ռուսաստանի համար, համոզված է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը:Այդ մասին հաղորդում է Թերթ.ամ-ը
Նրա կարծիքով` նման քայլով ԱՄՆ-ը գործնականում մարտահրավեր է նետում Մոսկվային: «Վաշինգթոնը շատ նյարդայնացած է Մոսկվայի և Անկարայի միջև վերջերս կնքված էներգետիկ համաձայնագրի պատճառով: Չէ՞ որ հայկական նոր պետության ի հայտ գալը ոչ այդքան ուժեղ հարված է Բաքվի համար, որքան Թուրքիայի: Դա նրա համար կլինի հարված գոտկատեղից ներքև: Այդ իսկ պատճառով Անկարան և Բաքուն այս իրավիճակում պետք է համակարգեն իրենց ջանքերը և դրանք ուղղեն իրենց դիվանագիտական հնարավորություններն ակտիվացնելուն, որպեզի նման իրավիճակ չստեղծվի»,- հայտարարել է Դուգինը:
Փորձագետը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն այժմ ցանկանում է օգտագործել Ղարաբաղյան հակամարտությունը` Ռուսաստանին Կովկասից վերջնականապես դուրս մղելու համար: «Այդ ժամանակ Ադրբեջանը և Հայաստանն ավելի շատ կսկսեն նայել Վաշինգթոնի կողմը: Ադրբեջանը խուսափելու է Կոսովոյի «ճակատագրից», իսկ Հայաստանն ԱՄՆ-ի կողմից պարգևատրում կսպասի»:
Բացի այդ, Դուգինը կարծում է, որ ԱՄՆ-ը չի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: «Ամեն դեպքում ԱՄՆ-ը Ադրբեջանին դիտարկում է որպես իր դաշնակից և լուրջ էներգետիկ շահեր է հետապնդում այս երկրում: Նման քայլով ամերիկացիները ցանկանում են ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացի ղեկավարումը խլել Ռուսաստանի ձեռքից: Սկզբունքորեն, Ռուսաստանը նույնպես դեմ չէ, որպեսզի Ղարաբաղը մտնի Հայաստանի կազմի մեջ, սակայն կարող է փոխել իր որոշումը, եթե Անկարայի և Բաքվի հետ ունեցած շահերը համընկնեն»:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ում հայկական լոբբիին, ապա այն, քաղաքագետի խոսքերով, աշխատում է ոչ այնքան Հայաստանի համար, որքան Վաշինգթոնի դիրքորոշումը տարածաշրջանում ամրապնդելու համար. «Դրանում նրանց շահերը համընկնում են»:
Այսպիսով, տարածաշրջանում Ադրբեջանի համար ոչ բարենպաստ իրավիճակ է ստեղծվում, որում, ինչպես նշել է Դուգինը, Բաքվի ցանկացած անզգույշ քայլ կարող է հանգեցնել Ղարաբաղի անկախության ճանաչմանը:
Թուրքիայի դերը, ռուս քաղաքագետի խոսքերով, կայանում է նրանում, որ «այն բարկանալու է, սակայն դա որևէ արդյունքի չի հանգեցնի»: «Ցավոք, ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Թուրքիան ձեռքերով և ոտքերով կապված է, և յուրաքանչյուր կերպով ներգրավումը հակամարտության մեջ պատժվելու է Արևմուտքի կողմից: Եթե, բնականաբար, Թուրքիան դուրս գար ՆԱՏՕ-ից և իրեն դրսևորեր ինչպես Իրանը, փորձեր միջուկային զենք ձեռք բերել, ապա կկարողանար մարտահրավեր նետել Արևմուտքին, սակայն ներկայիս իրավիճակում դա անհնար է: Միակ երկիրը, որը կկարողանա կանգնեցնել և հակազդել Վաշինգթոնին, Ռուսաստանն է: Սակայն որքանով դա նրան կհաջողվի, մեծ հարց է»:
Բացի այդ, Դուգինը վստահ է, որ ԱՄՆ-ը չի գնա Ղարաբաղի միակողմանի ճանաչմանը, ինչպես Կոսովոյի դեպքում: «Նրանք խաղալու են, և խաղալու են լայնածավալ կերպով: Ես նույնիսկ չեմ բացառում, որ ԱՄՆ-ը կարող է պատերազմ հրահրել: Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նա ստատուս-քվո-ի պահպանման կողմնակից է: Իսկ ԱՄՆ-ն այժմ փորձում է մեզանից գողանալ մեր նախաձեռնությունը և դառնալ իրավիճակի տերը: Ռուսաստանը, իրականում, հետխորհրդային տարածքում կրկին ներգրավվել է հակամարտության մեջ, և դա կտևի այնքան ժամանակ, մինչև կողմերից մեկը հրաժարվի այդ առերեսումից: Սակայն, դատելով վերջին իրադարձություններից, ոչ մենք, ոչ էլ նրանք չեն հրաժարվելու այդ պայքարից»,- ասել է Ալեքսանդր Դուգինը:
No comments:
Post a Comment